05/03/2022 20:15
Գորտնուկներ. ինչպես կանխել տարածումը
Գորտնուկները մաշկի նորագոյացություններ են, որոնց հարուցիչը ՄՊՎ-ն է (մարդու պապիլոմա վիրուս)։
Կարող են առաջանալ գրեթե ամենուր, բայց ավելի հաճախ՝
- վերին և ստորին վերջույթների մատներին,
- ափերի և ներբանների վրա,
- եղունգների շուրջ,
- սեռական օրգաններին,
- դեմքին
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան Ռշտուն Բաբայանն ասում է՝ կյանքի համար վտանգավոր չլինելով՝ գորտնուկները վարակիչ են և հաճախ կարող են առաջացնել ցավ և անհարմարություն։ Հատկապես ցավոտ են եղունգների շուրջ, ափերի և ներբանների հատվածների գորտնուկները։
Կան գորտնուկներից ազատվելու մի շարք տարբերակներ՝ սկսած ոչ ավանդական մեթոդներից մինչև դեղորայքային, մեխանիկական, լազերային հեռացում և կրիոթերապիա։
Հաշվի առնելով վարակելիության բարձր աստիճանը՝ շատ կարևոր է գորտնուկների վաղաժամ հեռացումը` դրանց տարածումը կանխելու համար։
Վարակում լինում է մաշկը՝ մաշկին կոնտակտի միջոցով, վարակված խնամքի պարագաներից, սեռական հարաբերության ժամանակ։
Ինչպես կանխարգելել գորտնուկների առաջացումը
Ցավոք, հնարավոր չէ լիովին կանխարգելել դրանց առաջացումը, սակայն կարելի է մինիմալի հասցնել ռիսկը։
- Պետք է խուսափել մաշկը մաշկին կոնտակներից
- Չի կարելի սափրել այն հատվածը, որտեղ կա գորտնուկ
- Պետք է խուսափել այլ անձանց խնամքի միջոցներից, հիգիենայի պարագաներից օգտվելուց
- Խուսափել լողավազաններում և սաունաներում ոտաբոբիկ քայլելուց
Սեռական գորտնուկների որոշ տեսակներ կարող են առաջացնել հետանցքի, արգանդի վզիկի քաղցկեղ, ուստի շատ կարևոր է պաշտպանված լինել՝ օգտագործել պահպանակներ և ստանալ ՄՊՎ պատվաստում։
Մաշկաբանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել՝ մաշկը սթրեսի չենթարկելու, վնասվածքներ չառաջացնելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։