05/03/2022 19:48
Գրասենյակային աշխատանքի «կողմնակի ազդեցությունները»․ ի՞նչ անել՝ խնդիրներից խուսափելու համար
Տարածված կարծիք կա, որ գրասենյակային աշխատանքն «ամենաանվտանգն է», չէ՞ որ գրասենյակային աշխատողները հանքափորների պես դժվարին պայմաններում ածուխ չեն արդյունահանում, ոչ էլ ամբողջ օրը ծանր հաստոցների առջև են կանգնած։ Նստած են իրենց կոկիկ աշխատասենյակներում՝ համակարգիչների առջև։
Իրականություն, իհարկե, այլ է․ գրասենյակային աշխատանքն իր առանձնահատկություններն ունի, նաև՝ սպեցիֆիկ հետևանքները։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք բացասաբար են ազդում գրասենյակային աշխատողների առողջության վրա։
Առանձնացնենք հիմնականները։ Վնասակար գործոնների «վարկանիշային աղյուսակի» 5-րդ հորիզոնականում չոր օդն է։
Գրասենյակներում վատ օդափոխությունը, մեկ աշխատասենյակում բազմաթիվ աշխատակիցների ներկայությունը, օդորակիչների, ջեռուցման համակարգերի առկայությունը, տարածքը պարբերաբար օդափոխելու նվազ հնարավորությունները պակասեցնում են օդի խոնավության աստիճանը։
Մաշկը թեփոտում է, չորանում, կոկորդում ծակոցներ են առաջանում, քթի լորձաթաղանթը նույնպես չորանում է։ Չոր մաշկը փափկացնել, իհարկե, հնարավոր է․ օգնության են հասնում տարբեր կոսմետիկ միջոցները՝ կրեմները, քսուքները, բայց քթում ու կոկորդում չորության դեմ պայքարելն ավելի բարդ է։ Տհաճ զգացողություններից բացի, շնչառական հիվանդություններով վարակվելու ռիսկ է առաջանում, քանի որ տեղային իմունիտետն ընկնում է։
Խնդիրն, իհարկե, լուծելի է։ Կարելի է օդը խոնավեցնող սարքեր տեղադրել հիմնարկներում, բայց դա հավելյալ ծախսեր է պահանջում, բոլոր տնօրենները չէ, որ պատրաստ են դրան։ Իրավիճակը շատ պարզ լուծում ունի․ հարկավոր է օրվա ընթացքում շատ ջուր խմել։ Նորման օրական մինչև երկու լիտրն է։ Ջուրն օգնում է, որ օրգանիզմը հաղթահարի վերը նշված բացասական հետևանքները։
4-րդ տեղում թթվածնի պակասն է։ Բոլոր գրասենյակային աշխատողները հաճախ դժգոհում են, որ սենյակում տոթ է, օդը չի հերիքում։ Թթվածնի պակասը գլխացավ է առաջացնում, անքնություն, իմունիտետի անկում, քրոնիկ հիվանդությունների սրացում, ուշադրությունը հնարավոր չի լինում կենտրոնացնել, աշխատունակությունն ընկնում է։
Այդ պատճառով հարկավոր է հաճախ՝ օրական մի քանի անգամ օդափոխել տարածքը, 5-10 րոպեով բաց պահել պատուհաններն ու դռները։ Իսկ միջանցիկ քամուց խուսափելու համար հարկավոր է այդ ժամանակահատվածում կարճատև զբոսանք կազմակերպել դրսում՝ թարմ օդին։ Հենաշարժողական համակարգն ու օրգանիզմն այդպիսի «զբոսանքների» կարիք շատ ունեն։
Երրորդ տեղում սննդի հետ կապված խնդիրներն են։ Աշխատավայրում մի փոքր ավելի դժվար է հետևել բոլորին հայտնի կանոններին՝ սնվել կանոնավոր և ոչ մեծ քանակությամբ, շատ բանջարեղեն օգտագործել, խուսափել ոչ օգտակար սննդից։ Շատ գրասենյակային աշխատողներ սնվում են արագ-արագ, «ոտքի վրա», երբեմն նույնիսկ մոռանում են ընդմիջման մասին, քանի որ աշխատանքը չի սպասում։ Օրվա ընթացքում նրանք իրենց օրգանիզմին «խաբում» են կոնֆետներով, մեկ-երկու քաղցրաբլիթով, հաճախակի սուրճ են խմում, այնինչ նստակյաց կյանքն ու ոչ այնքան առողջ ապրելակերպը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման, մի շարք այլ խնդիրների։
Վարքագիծն ու վերաբերմունքը սննդի նկատմամբ պետք է փոխել և արդյունավետ լուծում գտնել։ Օրն այնպես պլանավորել, որ ընդմիջման համար նույնպես ժամանակ մնա, տնից առողջ ու օգտակար սնունդ բերել, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն, յոգուրտ, աշխատավայրում խուսափել առաքումով «ֆաս-ֆուդերից»։
Երկրորդ տեղում տեսողության հետ կապված խնդիրներն են։ Գրասենյակային աշխատողի «հավատարիմ ընկերն» ու աշխատանքային հիմնական գործիքը համակարգիչն է, որի էկրանից հեռավորությունը երբեմն միլիմետրերով է չափվում։ Եվ այդպես ժամեր, օրեր, ամիսներ ու տարիներ շարունակ։ Զարմանալի չէ, որ որոշ ժամանակ անց տեսողության հետ կապված խնդիրներ են առաջանում, նաև գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց։
Պետք է մի քանի կանոնների հետևել․
- Մոնիտորից հեռավորությունը նվազագույնը 45 սանտիմետր պետք է լինի
- Մոնիտորը չպետք է թեքել ձախ թևում գտնվող պատուհանի կողմ
- Երեկոյան ժամերին, առանց լրացուցիչ լուսավորության, չաշխատել համակարգչով։
- Աչքերի համար նախատեսված պարզ վարժություններ անել օրվա ընթացքում։ Դա իսկապես օգնում է։
Աչքերը սևեռել 20-30 սանտիմետր հեռավորության վրա գտնվող ինչ-որ առարկայի վրա, ապա հայացքը թեքել ցանկացած կողմ՝ մոտ 5 մետր հեռավորության վրա գտնվող որևէ կետի վրա, ապա կրկին թեքել դեպի առաջին առարկան։ Կրկնել 5-7 անգամ։
Մտովի աչքերով 8 «նկարել», կրկնել մի քանի անգամ։
15 վայրկյանի ընթացքում արագ-արագ թարթել աչքերը, 5 վայրկյանով դադարեցնել, ապա կրկնել վարժությունը։
Որքան հնարավոր է՝ պինդ փակել աչքերը, 5 վայրկյան անց բացել ու չթարթել, սպասել 5 վայրկյան, կրկնել նույնը՝ 5-7 անգամ։
Եվ վերջապես, վնասակար գործոնների «վարկանիշային աղյուսակի» առաջին հորիզոնականում է նստակյաց կյանքը։
Եվ կարևոր է ոչ այնքան այն, թե օրվա քանի ժամն է գրասենյակային աշխատողը նստած անցկացնում, այլ այն, թե ինչ դիրքով է նա նստում։ Կռացած կեցվածքը, մի ուսով հեռախոսն անընդհատ պահելը, աթոռի մեջ «փռվելը» հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներ են առաջացնում։ Բացի այդ, նստակյաց կյանքը, քիչ շարժվելը բացասաբար է ազդում նաև նյարդային համակարգի վրա։
Առողջության հետ կապված խնդիրներից խուսափելու համար ամեն օր 5 րոպե պետք է հատկացնել ֆիզիկական վարժություններին։ Թեթև մարզանք անեն, թուլացնել մկանները, մերսել մարմնի ընդարմացած մասերը, ընդմիջման 5-10 րոպեն հատկացնել դրսում փոքրիկ զբոսանքին, հետևել կեցվածքին, նստած ժամանակ մեջքը հնարավորինս ուղիղ պահել։
Չպետք է մոռանալ՝ գործանական կյանքում ոչ մի հաջողություն, ոչ մի աշխատավարձ ու պարգևատրում առողջությունից թանկ չի կարող լինել։ Աշխատավայրում մարդն անցկացնում է իր ժամանակի ու օրվա գերակշիռ մասը, այդ ժամանակն օգտավետ ու արդյունավետ պետք է լինի, ոչ թե վնասի առողջությանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։