05/03/2022 20:35
Ծլած կարտոֆիլը տոքսիկ ազդեցություն ունի. կարևոր խորհուրդներ սննդագիտության դոկտորից
Կարտոֆիլի օգտակար հատկանիշների, հակացուցումների մասին Aysor.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։
Կարտոֆիլը մարդու համար անհրաժեշտ բազային սննդամթերքի երրորդ խմբին է պատկանում, երեխաների սննդակարգի թույլատրելիներից է։ Կարտոֆիլը ոչ միրգ է, ոչ բանջարեղեն. արմատապալարապտուղ է. 100 գրամը պարունակում է 70-ից 85 կիլոկալորիա։
Կարտոֆիլը թյուրիմացաբար ընդունված է ասոցացնել գիրանալու, չիփսի, ֆրիի հետ։ Մինչդեռ կարտոֆիլը «մեղավոր» չէ, «մեղավոր» են տեխնոլոգիական վերամշակումը, ջերմային սխալ մշակումը (վտանգավոր է ոչ թե կարտոֆիլը, այլ բուսայուղը, որ տաքանում է ոչ թույլատրելի բարձր ջերմաստիճանի)։
Սննդագետն ասում է՝ շատերը չգիտեն, որ կարտոֆիլը պարունակում է՝
- մեծ քանակությամբ վիտամին C
- որոշ տեսակներ պարունակում են մեծաքանակ վիտամին А (կարմիր կարտոֆիլը)
- կոմպլեքս ածխաջրեր
- սպիտակուցներ
- պոլի (չհագեցած) ճարպաթթուներ
- թաղանթանյութ
- նիացին
- ցինկ
չի պարունակում
- գլյուտեն
- հիստամին
- խոլեստերոլ
Կարտոֆիլը նաև լավ խավարտ է, եթե ճիշտ ճաշատեսակների հետ է համադրվում
Եթե որպես առաջին ճաշատեսակ օգտագործվել է հատիկեղեն, օսլայի բարձր պարունակությամբ ճաշատեսակ, ապա կարտոֆիլը որպես խավարտ չի խրախուսվում, մինչդեռ եթե որպես առաջին ճաշատեսակ օգտագործվել է բուսական աղցան կամ բուսական ապուր, ապա կարտոֆիլը կարող է համարվել հիանալի խավարտ։
Կարտոֆիլը վեգանների, բուսակերների, գլյուտենի հանդեպ անհանդուրժողականություն ունեցողների համար կենսական մթերք է։
Չարժե գնել ինչպես շատ մանր, այնպես էլ շատ մեծ չափի կարտոֆիլ. սպառողի համար բարդ է գնահատել՝ կարտոֆիլի չափը սորտայի՚՞ն առանձնահատկություն է, թե՞ պարարտանյութերի կիրառման հետևանք։
Ծլած կարտոֆիլն արտադրում է ալկալոիդ, որ տոքսիկ ազդեցություն ունի։ Եթե կարտոֆիլը մի փոքր է ծլել, ապա պետք է հեռացնել ծիլերը (աչուկների հատվածը) ցանկալի է մինչև 1 սանտիմետր խորությամբ, ապա հեռացնել կեղևը հաստ շերտով, եփել ոչ թե ջեռոցում կամ տապակել, այլ շոգեխաշել եռման ջերմաստիճանի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։