05/03/2022 09:49
«Հրապարակ». Մայրաքաղաքում թեժ պայքար է գնալու. իշխանությունը չունի մեծամասնություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին թեպետ մեկուկես տարի դեռ կա՝ դրանք, ըստ ամենայնի, կանցկացվեն 2023 թ․ սեպտեմբերին, սակայն քաղաքական դաշտում արդեն սկսել են ակտիվ պատրաստվել։ Առնվազն 3 ֆավորիտային թեկնածուներ կան այս պահի դրությամբ։ Բնականաբար, իշխող թիմը հանդես կգա սեփական թեկնածուով, որը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Վերջին կես տարվա ընթացքում Ավինյանն արդեն ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, ինտենսիվ հանդիպումներ ունենում, այսպես կոչված, ձայն բերող շրջանակների հետ, հատկապես՝ նախկինների, ասում են՝ անգամ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին է փորձել ներգրավել իր ընտրության պոտենցիալ գործընթացին:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոնը, որն առաջին քայլերն արդեն արել է քաղաքական արենայում: Նա նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակի 50-րդ համարն էր:
Առաջադրվելու մտադրություն ունի նաև նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն հնարավոր է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀՀԿ-ն հանդես գան «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմքով, եթե վերջինս առաջադրվի։
Չի բացառվում, որ այլ հավակնորդներ էլ հայտնվեն, քանզի մայրաքաղաքում թեժ պայքար է գնալու, և իշխանությունը չունի մեծամասնություն։
Հիշեցնենք, որ ինչ-որ պահի իշխանությունը քննարկում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի դարձնելու հարցը, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից` հասկանալով, որ դա ճիշտ չի հասկացվի»։