07/03/2022 10:40
«Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ-ում․ կինոնկարը կներկայացվի ամերիկյան կինոթատրոններում
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում։
Ապրիլի 1-ին հեղինակավոր Directors Guild of America (Ամերիկայի ռեժիսորների գիլդիա) դահլիճում կկայանա կինոնկարի ամերիկյան պրեմիերան։ Իրադարձությանը կմասնակցի ֆիլմի ստեղծագործական կազմը, ինչպես նաև դերասանները։ Պրեմիերային հրավիրված են ամերիկացի և հայ հայտնի պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ և արվեստի գործիչներ։
Այնուհետև, ֆիլմը կհայտնվի ամերիկյան կինովարձույթում։ Ապրիլի 8-ից սկսած ֆիլմը կներկայացվի Լոս Անջելեսի Laemmle կինոթատրոնների ցանցում։
«Անչափ ուրախալի է, որ ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում։ Սիրով ուզում եմ նշել, որ բացի հայ հանդիսատեսից, ամերիկացի հեղինակավոր կինոգործիչները ևս ֆիլմի միջոցով կծանոթանան հայ մշակույթին և մասնավորապես՝ հայ կինոյին», - նշում է ռեժիսոր Ռոման Մուշեղյանը։
Հիշեցնենք, որ կինոնկարի երևանյան պրեմիերան կայացել է մարտի 1-ին։
«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։ Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
Նշենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։