07/03/2022 17:00
Եթե տարվա ընթացքում քիչ եք ուտում լոբի, ոսպ, սիսեռ, ապա Պահոց շրջանում պետք է սկսել փոքր չափաբաժիններից
Պահքային սննդակարգը նիհարելու համար չէ, նիհարելու մասին չէ, իհարկե, չի բացառվում, որ ալկոհոլից, բարձր յուղայնությամբ կաթնամթերքից, բարձր կալորիական կերակրատեսակներց հրաժարվելը բերի քաշի իջեցման, Aysor,am-ի հետ զրույցում ասում է բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը։
Սննդաբանը չի բացառում նաև քաշի ավելացում. պահքային սննդակարգում գերակշռում են ածխաջրերով հարուստ մթերքները. որ հանգեցնում են ուշ հագեցվածության, սա էլ պատճառ է դառնում մեծ չափաբաժիններով սնվելու։
Պահքային սննդակարգի մթերքների լավագույնի անվանակարգին կարող են հավակնել՝
Լոբեղեն (պարունակում է մեծաքանակ բուսական սպիտակուց, հանքային աղեր, վիտամիններ, բջջանյութ): Քանի որ շատերն ամբողջ տարվա ընթացքում քիչ են ուտում լոբի, ոսպ, սիսեռ, պահոց շրջանում պետք է սկսել փոքր չափաբաժիններից։ Մարսողական խնդիրներից խուսափելու համար պատրաստելիս պետք է հատիկեղենը նախապես թրջել, երկար եփել, մի քանի ջուր փոխել, համադրել տարբեր համեմունքներով՝օրինակ համեմի կամ սամիթի սերմերով։
Ընկուզեղեն, կորիզներ, սերմեր (շատ սննդարար են, հարուստ օգտակար ճարպաթթուներով, վիտամիններով, հանքանյութերով. oրգանիզմին մեծաքանակ կենսական էներգիա են հաղորդում):
Ամբողջական հացահատիկներ (հաճարը, բլղուրը, ձավարը, հնդկացորենը, ամբողջական ցորենի ալյուրը պարունակում են վիտամիններ և բջջանյութ։
Կտավատի և ձիթապտղի բուսայուղերը բուսական օգտակար չհագեցած ճարպաթթուների աղբյուր են։
Պահքի առաջնային խորհուրդն իհարկե հոգևոր խնամքն է, բայց պահոց շրջանը նաև հնարավորություն է սննդի հանդեպ վերաբերմունք փոխելու, որկրամոլությունը հաղթահարելու համար, ինչպես նաև հնարավորություն է՝ հայկական ավանդական ճաշատեսակները սեղան վերադարձնելու։
Պասուց տոլման, լոբեղենով, հացահատիկներով պաատրաստված ուտեստները, բանջարեղենային աղցանները, ավելուկով պատրաստված ճաշատեսակները հայկական ավանդական խոհանոցի հիմնական ուտեստներն են։
Վարդանուշ Պետրոսյանն առաջարկում է հեշտ, արագ պատրաստվող, համեղ աղցան. պետք է համադրել՝
Դդում, գազար, բազուկ, կիտրոն, դդմի կորիզ, խնձոր և դդմի կորիզի ձեթ։
Պահքային սննդակարգը ոչ միայն որոշ սննդատեսակներ բացառելն է, այլ նաև թույլատրելի մթերքների հարցում էլ զուսպ լինելը՝ չափից շատ չուտելն է։ Պետք է շնորհակալ լինել մեկ կտոր հացի համար և չծանրաբեռնել միտքը՝ «այսօր ինչ ուտել» հարցով։
Սննդաբանը հիշեցնում է՝ պահքը ցուցված չէ առողջական խնդիրներ ունեցողներին, կերակրող մայրերին, հղիներին, երեխաներին, տարեցներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։