07/03/2022 18:00
Խալեր. երբ դիմել մաշկաբանի, որ դեպքում հեռացնել
Խալերը մելանոցիտների կուտակումներ են մաշկում, արտահայտվում են բծերի, հանգուցիկների տեսքով: Խալերի առաջացումը հիմնականում պայմանավորված է գենետիկ գործոններով և արևի ազդեցությամբ։ Լինում են բարորակ և չարորակ:
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան Ռշտուն Բաբայանն առանձնացնում է խալերի չարորականացման նշանները՝
- գույնի և չափի փոփոխություն
- խալի կոնսիստենցիայի փոփոխություն
- կարմրություն
- քորի առկայություն
- խոցոտում
- մազերի թափվել
- արյունահոսություն
- լիմֆատիկ հանգույցների մեծացում
Հեռացնել հնարավոր է գրեթե բոլոր խալերը, բայց եթե կան սովորական պիգմենտային, տափակ նևուսներ, կամ օրինակ առկա է բնածին հսկա մելանոցիտար նևուս, խորհուրդ չի տրվում հեռացնել։
Հեռացված խալը պետք է ուղարկել հյուսվածքաբանական քննության, եթե կա կասկած, որ այն կարող է չարորակ լինել։
Խալերի հեռացման մեթոդներ՝
- վիրահատական,
- էլեկտրոկոագուլյացիայով,
- ռադիոալիքային մեթոդով,
- կրիոթերապիայի միջոցով,
- լազերով
Մեթոդի ընտրությունը կախված է խալի տեսակից և չափից:
Խալերի հեռացումից կարող են որպես հետևանք մնալ սպիներ, որ կարիք ունեն հետագա խնամքի և շտկման։
Եթե ունեք խալեր, պետք է զգույշ լինել, պաշտպանվել արևից, կրել փակ հագուստ, աշխատել չվնասել դրանք։
Ե՞րբ պետք է անհանգստանալ և դիմել մաշկաբանի
- Եթե փոխվում է խալի չափը
- Առաջանում են քորի, ցավի զգացումներ
- Նկատվում է արյունահոսություն
Պետք է հիշել նաև մելանոմայի (մաշկի քաղցկեղի տեսակ է, որ արտահայտվում է պիգմենտային բջիջների անվերահսկելի աճով) ABCDE կանոնը՝
A.Ասիմետրիա (խալի մի կեսը տարբերվում է մյուսից)
B.Անհարթ եզրեր
C.Գույն (բազմերանգ գույն)
D.Տրամագիծ (6մմ-ից ավել)
E.Խալի էվոլյուցիա (չափսի, ձևի կամ գույնի փոփոխություն)
Խալերի՝ ամենից հաճախ հանդիպող տեսակները՝
- պիգմենտային
- էպիդերմալ խալեր
- ինտրադերմալ խալեր
- ֆիբրոէպիթելիալ խալեր
- դիսպլաստիկ խալեր
- պապիլոմատոզ (գորտնուկաձև) խալեր
- կապույտ խալ
- Հալոի խալ
- Շպիցի խալ
Ըստ չափի դրանք լինում են՝
- փոքր- մինչև 1մմ
- միջին-մինչև 10մմ
- մեծ -10մմ-ից ավել
- հսկայական-մարմնի ամբողջ մակերեսը ծածկող
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։