07/03/2022 11:26
Թուրքիայի կողմից Գյումրու 102-րդ ռազմաբազայի համար վտանգները քիչ հավանական են. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ)
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այս պահին քիչ հավանական է համարում Թուրքիայի կողմից Գյումրու 102-րդ ռազմաբազայի համար վտանգներ սպասելը։
Լրագրողն այսօր Աղաջանյանից հետաքրքրվեց՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիայից սպառնալիք կամ վտանգ կարելի՞ է սպասել Հայաստանի համար Գյումրու ռազմաբազայի առումով. վերջինս նշեց, որ հարցը տալիս է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքսոտւմ։
«Տեսական վտանգներ միշտ կան, ես ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահի ճգնաժամի հետ չէի կապի այդ վտանգները, համենայնդեպ, այս պահին։ Կարծում եմ՝ նման սցենար հնարավոր է, այս պահին, քիչ հավանական», - ասաց Աղաջանյանը։
Նա տեղեկացրեց, որ կապի մեջ է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որ վերջիններիս անվտանգությունն ապահովվի։
«Այս պահին մեր դեսպանությունը տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևն այս պահին ռազմական գործողությունների կետերից մեկն է, որևէ ներկայացուցիչ հայ համայնքից, ով պատրատ է լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից վերադառնալ Հայաստան. մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։