07/03/2022 17:32
Սա համաշխարհային կատակլիզմ է, որպիսին աշխարհը չի տեսել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո․ Վուչիչ
Եվրոպայի արևելքում ճգնաժամը համաշխարհային կատակլիզմի է հանգեցրել, որպիսին աշխարհը չի տեսել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ լրագրողների հետ զրույցում։
«Ուզում եմ, որ մարդիկ իմանան՝ որքան ծանր է վիճակը։ Ես ամեն օր վախով եմ սպասում նորություններին։ Եթե պատժամիջոցներ սահմանվեն ռուսական նավթի նկատմամբ, իսկ բոլոր զարգացումները դրան են տանում, չգիտեմ՝ դա ինչով կվերջանա։ Փարիզի բորսայում հացահատիկը հատել է առավելագույնի շեմը, ինչը նշանակում է, որ շատ ապրանքներ կթանկանան, վաղը, մյուս օրը ստիպված ենք լինելու ցորենի արտահանման արգելք սահմանել, մենք այն պետք է պահենք՝ մեր ժողովրդի և հարևանների համար։ Սա կատակլիզմ է, որպիսին աշխարհը չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Միայն թե՝ դրանից ավելի վատ չլինի»,- ասել է Սերբիայի նախագահը։
Ավելի վաղ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ուկրաինայում ճգնաժամը փոխում է համաշխարհային քաղաքական ամբողջ դաշտը, ինչի հետևանքները շատ երկրներ կզգան։