07/03/2022 22:31
Արցախի ժողովրդի անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների հրահանգով․ Արցախի ՄԻՊ
Վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին։ Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և, միաժամանակ, հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար, հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մարտի 6-ին ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներով կրակոցներ էր արձակել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղությամբ, իսկ այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն հատվածում կիրառվել է ականանանետ, արձակված արկերը պայթել են գյուղի գերեզմանոցի հարևանությամբ։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Նկարագրված գործողություններին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։
Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կրում են համակարգային և ուղղորդված բնույթ, կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների իմացությամբ և նրանց հրահանգով։
Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը»,- նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում։