07/03/2022 17:42
Արցախում խաղաղության միակ գրավականը ռուս խաղաղապահներն են, նոր պատերազմ չլինելու հանգամանքը նրանց ներկայությունն է․ Դավիթ Բաբայան
«Մենք էլ ենք ուզում, որ խաղաղության դարաշրջան լինի, բայց հարցն այն է, որ ուզելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ բան: Ադրբեջանի պահվածքի մեջ մենք չենք տեսնում որեւէ փոփոխություն»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ Արցախում խաղաղության միակ գրավականը ռուս խաղաղապահներն են:
Հարցազրույցը՝ ստորև․
-Մարտի 6-ի առավոտյան ադրբեջանական կողմը Խրամորթի ուղղությամբ ինտենսիվ կրակ է արձակել։ Դրան նախորդող եւ հաջորդող օրերին եւս սադրանքներ են եղել։ Հայաստանյան քաղաքական գործիչները հայտնում են, որ Խրամորթում ստեղծված իրավիճակը բավականին վտանգավոր է: Ի՞նչ է այդտեղ կատարվում:
-Արցախը հիմա յուրահատուկ իրավիճակում է՝ ամբողջ երկիրը դարձել է սահմանամերձ: Ամեն ինչ պետք է անենք, որ կանգնած մնանք մեր հողում։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի այդ տոկունությունը: Ադրբեջանի սադրանքներն ունեն միայն մեկ պատճառ՝ հայատյացությունը, ծավալապաշտական ծրագրերը, ուրիշ ոչ մի պատճառ չկա, մնացածն առիթներ են: Ադրբեջանի պահվածքը նորություն չէ, որ մենք զարմանում ենք, փորձում վերլուծել՝ ինչո՞ւ, ո՞նց:
-Փոխադարձ «դրական» ազդակներ» են փոխանցվում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխող վարչախմբերի միջեւ` «խաղաղության դարաշրջան» բացելու համար. այս համատեքստում պետք է, չէ՞, Ադրբեջանը սադրանքների չգնար:
-Արցախում խաղաղության միակ գրավականը ռուս խաղաղապահներն են: Իհարկե, մեր զինված ուժերը եւ տոկունությունը կան, բայց նոր պատերազմ չլինելու հանգամանքը ռուս խաղաղապահների ներկայությունն է: Մենք էլ ենք ուզում, որ խաղաղության դարաշրջան լինի, բայց հարցն այն է, որ ուզելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ բան: Ադրբեջանի պահվածքի մեջ մենք չենք տեսնում որեւէ փոփոխություն:
-Ռուս-ուկրաինական պատերազմը կարո՞ղ է ինչ-որ իմաստով անդրադառնալ նաեւ Արցախի ճակատագրի վրա:
-Իհարկե, դրանք փոխկապակցված գործընթացներ են, քանի որ աշխարհում հիմա չկան ազատ տարածքներ, որտեղ կարելի է գլոբալ աշխարհաքաղաքական վեկտորի համար դիրքերն ուժեղացնել: Հիմա ամենուր կարմիր գծեր են, եւ յուրաքանչյուր ուղղությամբ շահերի բախումը անմիջապես ազդում է այլ տարածաշրջանների վրա: Ադրբեջանը եւ Թուրքիան աղոթում են, որ Ռուսաստանը թուլանա եւ ձախողի:
- Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք ՝ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար:
-Թե Արցախն ինչը ոնց է անելու՝ թողնենք մի կողմ: Հիմա առաջին փուլում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք այն, ինչը մնացել է Արցախից: Երկրորդը՝ այնպես անենք, որ մեր աշխատանքներում անվերապահորեն հետեւենք մեր հրամայականին՝ քիչ խոսենք, շատ գործենք, չքաղաքականացնենք, չշահարկենք ամեն ինչ:
-Քաղաքական շրջանակներում քննարկվում է Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Եթե այս քննարկումները, այդուհանդերձ, իրողություն դառնան, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը․ Շուշին եւ Հադրութը վերադարձնելու մտքեր են գեներացվում, ի՞նչ կասեք:
-Մեզ համար բոլոր շրջաններն էլ կարեւոր են, մեր պատմական տարածքներն են, որոնք այս պահին գրավվել են, մենք պետք է երբեք սա չմոռանանք: Ոչ ոք սկուտեղի վրա չի տալու մեզ մեր հայրենիքը: Վերականգնելո՞ւ ենք մեր երբեմնի Մեծ Հայքը․ եթե արժանի լինենք, ինչը կախված է բացառապես մեզնից: Ինչպիսի՞ երկիր ենք կառուցում, ինչպիսի՞ աշխարհաքաղաքականությանն ենք կողմնակից, ի՞նչ կողմնորոշում ունենք, կի՞րթ ենք, տո՞ւրք ենք տալիս ինտելեկտին եւ հայրենասիրությանը, թե՞ ոչ: Ոչ ոք հենց այնպես չի տալու մեզ այն, ինչն ուզում ենք: Ամեն ինչ կախված է մեզնից: Առհասարակ, հայ-ռուսական բարեկամությունը եղբայրություն է, սա պետք է շատ լավ հասկանանք: Այն մարդիկ, որոնք ունեն արցախատյաց քաղաքականություն, ինչը նաեւ հայատյացության դրսեւորում է, նրանք միշտ խփում են եւ՛ Արցախին, եւ՛ Ռուսաստանին: Ինչո՞ւ, որովհետեւ հասկանում են՝ առանց Արցախ չկա Հայաստան, որ հայոց պետականությունը կկործանվի: Արցախը մեր պետականության հիմնասյուներից մեկն է: Նաեւ հասկանում են, որ հանրությունը միայնակ չի կարող դիմակայել Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ պետք է Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ ունենալ: Սա չի նշանակում, որ մենք թշնամի ենք Արեւմուտքին, ամենեւին: Որպես ազգ՝ մենք ունենք հետաքրքիր առանձնահատկություն եւ հնարավորություն՝ պահպանել բոլորի հետ նորմալ հարաբերություններ, որովհետեւ ունենք Սփյուռք: Բայց մենք միայնակ ի վիճակի չենք։ Խփում են մեր հենասյուներին, մեկը՝ հասկանալով, մյուսը՝ չհասկանալով: Հասկանալով ուզում են կործանել հայոց պետականությունը: Շատ զգույշ պիտի լինենք, կարմիր գծեր են բոլորը, իսկ կարմիր գիծը արյուն է:
-Արեւմուտքը հիմա շատ ուշիմ հետեւում է ռուս-ուկրաինական պատերազմին եւ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային՝ բացահայտ: Հռոմի Պապն էլ երկու կարդինալ է ուղարկել Ուկրաինա՝ նշելով, թե քրիստոնյաները դեմ են պատերազմին, ասում են՝ խելագարություն է: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մենք չտեսանք այս համընդհանուր աջակցությունը, ինչո՞ւ:
-Մենք բազմիցս ասել ենք, որ աշխարհաքաղաքականությունը բարդ երեւույթ է, եւ կա, դժբախտաբար, շահերի բախում: Մենք տեսնում ենք միջազգային իրավունքի, գաղափարների դեգրադացիա, քանի որ ամեն ինչ արդեն շահն է որոշում: Բոլորն ունեն իրենց շահերը։ Այս իրավիճակում խենթ գաղափարների, անիրատեսական հասկացությունների հետեւից չպետք է ընկնենք: Հասկանում եմ՝ շատ պատասխանատու պահ է, այլեւս այսպես-այնպես խաղալ չի լինի, սահմանափակվել է մեր հնարավորությունը, ամբողջ աշխարհում կարմիր գծեր են, կարմիր գիծն արյունով է գծվում: Պետք է լավ հասկանանք, թե ինչ է կատարվում, հույսներս անիրատեսական հասկացությունների հետ չկապենք, պետք է լինենք պրոֆեսիոնալ եւ հայրենասեր, ուրիշ ոչինչ:
- Հանրությունը մեղադրում է Հայաստանի իշխանությանը՝ միջազգային հանրության, նաեւ ռուսական կողմի հետ դիվանագիտությունը տապալելու մեջ։
-Ես չեմ ուզում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործընթացներին։ Ոչ թե չունեմ իմ կարծիքը կամ որեւէ մեկից վախենում եմ, այդպիսի բան չկա: Մենք պետք է հասկանանք, որ Արցախը պետք է լինի սրբություն։ Շատ ուժեր, շատ կեղտոտ մարդիկ ուզում են Արցախը դարձնել թիրախ, որ խփեն, դիվիդենդներ շահեն, հայոց պետականությունը կործանվի։ Թույլ չենք տալու: Ներքին քաղաքական գործընթացներին միայն հենց այս պատճառով չեմ խառնվելու: Պատասխանատվություն ունենալով հայոց պետականության հանդեպ՝ մենք չենք ուզում միջամտել եւ խոսել այս կամ այն հարցերի մասին: Կրկնում եմ՝ ոչ թե չունենք կարծիք, կողմնորոշում կամ վախենում ենք, ո՛չ, մենք պարզապես մտահոգված ենք մեր ժողովրդի ապագայով:
Մեր պատմության ամենածանր փուլում ենք։ Բազմաթիվ անգամներ կորցրել ենք մեր պետականությունը, բայց չի եղել հայ ժողովրդի վերացման գործընթաց: Կորցրել ենք պետականությունը, բայց ժողովուրդը գոյատեւել ու վերականգնվել է: Հիմա կամ լինելու ենք, կամ չենք լինելու: