07/03/2022 22:22
Լևոն Աղասյանը Ստամբուլում դարձել է Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող առաջնության հաղթող
Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է դարձել Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող 27-րդ առաջնությունում։ Աղասյանը ցույց է տվել 16.26 մ․ արդյունք ու դարձել ոսկե մեդալակիր։ Մրցաշարը մարտի 4-ից 5-ն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
«Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ուրախ եմ երկար դադարից հետո նվաճածս մեդալի համար»,- գրել է Լևոնը սոցցանցերի իր էջերում:
Հայաստանը ներկայացրած 8 մարզիկներից մեդալ է նվաճել նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 1500 մ մրցատարածությունը հաղթահարելով 3։46․05 ժամանակում ու գրավելով երկրորդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականում ընդգրկված են եղել նաև Ռազմիկ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Գոռ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Էլլադա Ալավերդյանը և Յանա Սարգսյանը; Վերջինս 7-րդ տեղն է գրավել հեռացատկում և եռացատկում։
Լևոն Աղասյանը մարտի 18-ից 22-ն էլ Սերբիայում մասնակցելու է մարզասրահների աշխարհի առաջնությանը: Ինչ վերաբերում է աթլետիկայի Հայաստանի հավաքականին, ապա հունիսի 11-ին մեր ընտրանին Մալթայում ուժերը կչափի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, իսկ մայիսին և օգոստոսին՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: