07/03/2022 17:22
Աշխարհի գլխավոր խաղացողներին ձեռք է տալիս ստեղծված քաոսը. Կամո Աթայան
Աշխարհը կրկին, և արդեն որերորդ անգամ միախառնվել է` ստեղծելով իրավիճակ, երբ հնարավոր է ամեն ինչ, այդ թվում նաև զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ քաղաքակրթության բնաջնջում, կամ հերթական համաշխարհային պատերազմ, որը կհյուծի մարդկությանը:
Այո, աշխարհը խառնվել է իրար, ամեն մեկը դրոշ է դարձրել իր ճշմարտությունն ու փորձում է այն ծածանել ողջ մարդկության գլխավերևում:
Իրադարձությունների կիզակետում երկու հարևան պետությունների` ՌԴ-ի և Ուկրաինայի ժողովուրդն են, որոնք ոչ միայն դրկից են, այլև դարեր շարունակ միասին են ու այսօր էլ բազմաթիվ բարեկամական թելերով կապված են իրար հետ:
Ոչ մեկին չի հուզում, թե ինչու են գժտվել երկու հարևաններ, բոլորին հուզում է թե ինչպես օգտվել այդ խորացող հակամարտությունից և հնարավորինս օգուտներ քաղել դրանից:
Ոչ մեկը չի ցանկանում ավելի ու ավելի մեծ չափեր ընդունող համաշխարհային հրդեհը մարել, այլ ամենն իր հնարավորություններով այն ավելի է բորբոքում:
Ոչ մեկին չի հետաքրքրում նրանց պատմական անցյալը, բարեկամական մարդկային դարավոր հարաբերությունները, բոլորին հետաքրքրում է աշխարհամասի և մոլորակի տարածքով մեծ երկու երկրների հարուստ ընդերքն ու բարեբեր ընդհանուր լանդշաֆտը, դրանց տիրանալու մարմաջը:
Ոչ մեկին չի հետաքրքրում տասնյակ միլիոնավոր մարդկանց ճակատագիրն, այն, որ նրանցից միլիոններն արդեն իսկ դարձել են փախստական` բռնելով օտարության ուղին:
Ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ կարելի է «մենակով» բանակցությունների սեղանի շուրջ իրար հետ թողնել հակամարտողներին, որ երկխոսեն ու իրար մեջ լուծեն իրենց հարցերը:
Գիտե՞ք ինչու չեն ուզում դա կատարել: Քանզի աշխարհի գլխավոր խաղացողներին ձեռք է տալիս ստեղծված քաոսը, երբ օրենքն ու այս կամ այն միջազգային դրույթը կամ սկզբունքն ըստ անհրաժեշտության մեկնաբանվում է միայն սեփական շահի տեսանկյունից ու ակնկալվող միջոցների, պաշարների ու հարստության դիրքից:
Դժբախտաբար, վերջին տասնամյակներում ավելի ու ավելի ենք համոզվում ինչպես այս ճշմարտության, այնպես էլ դրանից ածանցված երկակի ու բազմակի ստանդարտների նպատակային կիրառման մեջ:
Երբ ամենուր իշխում է շահը, ընդմիշտ մոռացվում է ճշմարտությունը…
Այդպես է լինելու այնքան, մինչև ամենուր չիշխի օրենքը, և անպայման նաև, բիրտ ուժի նկատմամբ…
Հ.Գ. Բոլորն էլ գիտեն Արցախի հիմնախնդրի, ՀՀ-ի նկատմամբ` Ուկրաինայի ունեցած անբարեհաճ վերաբերմունքի ու նաև դերակատարման մասին: Տվյալ դեպքում միայն այդ պրիզմայով չեմ նայում խնդրին…