07/03/2022 22:16
Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կներկայանա «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին
Մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում կանցկացվի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի առանձին տաղավարով։
«Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:
Նշենք, որ 12 սրահներում կցուցադրվեն հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ (գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն և հայկական տարազ):
Պարբերաբար տեղի կունենան ժողովրդական արհեստների վարպետության դասեր, իսկ տեսաֆիլմերի միջոցով շարունակաբար կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները՝ դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշը, քոչարին և Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը։
Մշակութային օրերի ընթացքում հանդես կգան հայկական երգի ու պարի, ինչպես նաև նվագարանային անսամբլներ՝ հնչեցնելով հայկական ավանդական մեղեդիներ և հանդես գալով հայկական պարերի ու երգերի կատարումներով։
Առանձին հարթակներում կներկայացվեն Հայաստանի մշակութային զբոսաշրջությունն ու բնության ժառանգությունը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաները։
Միջոցառման իրականացումը կնպաստի հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ամրապնդմանը։
Տեղեկացնենք, որ «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին: Այս տարի անցկացվելու է փառատոնի 19-րդ միջոցառումը, որին մասնակցելու են աշխարհի ավելի քան 30 երկրներ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս փառատոնին: