07/03/2022 19:10
Ուկրաինան դժգոհ է, որ Վրաստանը կաթնամթերք է արտահանում Ռուսաստան, Վրաստանը դժգոհ է Ուկրաինայի գնահատականներից
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն արձագանքել է Ուկրաինայի իշխանություններին, որոնք դժգոհություն են հայտնել վրացական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու կապակցությամբ։ Վրացական իշխանության ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայից հնչած գնահատականները ցավալի են իրենց համար։
Հիշատակելով, մասնավորապես, Ուկրաինայի ԱԳՆ-ի, ինչպես նաև Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի հայտարարություններն, ըստ որոնց վրացական իշխանությունները, Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին, որոշել են առևտուր սկսել Ռուսաստանի հետ, որն իր հերթին կաթնամթերք արտադրող վրացական 15 ընկերության թույլատրել է մուտք գործել ռուսական շուկա, Վրաստանի իշխող խմբակցության ղեկավարն ասել է․
«Ուկրաինայի հետ մեր առանձնահատուկ հարաբերությունների, ինչպես նաև Վրաստանի կողմից Ուկրաինային քաղաքական ու հումանիտար աջակցություն հատկացնելու ֆոնին մեզ համար ցավալի են Ուկրաինայի իշխանությունների առանձին ներկայացուցիչների բացասական գնահատականները՝ Վրաստանի վերաբերյալ։ Երեկ մենք նմանատիպ գնահատական լսեցինք Ուկրաինայի խորհրդարանի ներկայացուցչի կողմից, որը, որքան էլ զարմանալի է, այս դեպքում վերաբերում էր կաթնամթերքին»,- ասել է Մդինարաձեն։
Նա հավելել է, որ վրացական որոշ ընկերություններ ռուսական շուկայում ներկայացվածության վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցում են դեռ 2020 թվականից։ Վրացական իշխող խմբակցության ներկայացուցիրը վերահաստատել է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթին չմիանալու՝ իր երկրի իշխանությունների դիրքորոշումը։