08/03/2022 21:00
Օրը պետք է սկսել գոլ ջուր խմելով. օգտակար խորհուրդներ սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանից
Իտալիայում նախաճաշին նախընտրում են կապուչինո և քաղցրավենիք, եվրոպական մի շարք երկրներում՝ միս (ինչպես անգլիական՝ բեկոնով նախաճաշը), արևելյան երկրներում ընդունված են աղցանները։ Նախաճաշելու սովորույթներին վերջին ժամանակներում հակադրվում է ընդահտումային սովը։
Նախաճաշե՞լ, թե՞ տարվել ընդահատումային (ինտերվալային) քաղցով. ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ մոտեցումները տարբեր են, բայց սննդաբանության մեջ դեռ ամենաընդունելի տարբերակը սնվելու դասական մոտեցումն է՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք։
Երեկոյան ակտիվ կյանքի սիրահարները հաճախ նախաճաշից հրաժարվում են՝ ուշ ժամի «հանգիստ խղճով» սնվելու համար։ Մոտեցումը խրախուսելի չէ, նախաճաշելը կարևոր է շատակերությունը կանխելու համար. որպեսզի օրվա ընթացքում սնունդի ընդունումը չլինի մեծ չաբաբաժիններով, չառաջանան մարսողական խնդիրներ։
Պիպոյանն ասում է՝ ընդհատումային (ինտերվալային) դիետաների դեպքում մարդիկ պիտի հասկանան, որ ոչ թե բացառում են նախաճաշն, այլ ընդամենը փոխում են ընդունված ժամերը։
Առավոտյան աչքերը բացելուն պես պարտադիր չէ միանագմից սնվել, որոշ դադարը կօգնի օրգանիզմին ազատվել ոչ օգտակար նյութերից։ Մարդիկ ոչ ճիշտ պատկերացումներ ունեն, թե մինչև 11-ը կարող են չսնվել, ապա ուտել օրինակ ոչ առողջարար էներգետիկ բարեր։
Օրը պետք է սկսել գոլ ջուր խմելով
Ճիշտ սնվելու ոսկե կանոններից մեկը՝ օրվա ընթացքում կալորիաների և էներիգիայի համաչափ հոսք։
Սննդագիտության դոկտորն ասում է՝ չնայած սննդաբանության մեջ տարբեր կարծիքների՝ այնուամենայնիվ ընդունված է առավոտյան ածխաջրերի օգտագործումը։ Բանանը, որ պարունակում է շաքար, խրախուսելի է ուտել առավոտյան։ Այսինքն՝ ճաշին, ընթրիքին պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ ինչպես բնական, այնպես էլ ազատ շաքար պարունակող սննդի օգտագործումից։
Առավոտյան կարելի է օգտագործել սուրճ, խուսափել է պետք մարկետինգային՝ սննդային հավելումներով, շաքարի բարձր պարունակությամբ, կաթի փոշի, համային բուրավետիչներ, տարբեր ներկանյութեր պարունակող սուրճերից։ Առանց շաքարի, ֆիլտրված սուրճը թույլատրելի է։
Հատկապես աղեստամոքսային խնդիրներ ունեցողներին չի խրախուսվում դատարկ ստամոքսին օգտագործել թթու կաթնամթերք, թթու մրգեր։
Ամենատարածված սխալներից է նախաճաշին բնական հյութ խմելը. սխալ է կարծել, թե շաքար պարունակում են միայն գազավորված հյութերը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բնական հյութերը՝ թաղանթանյութի ցածր պարունակությամբ, (թաղանթանյութը մնում է մրգի թափոնում) մեծաքանակ շաքար են պարունակում ։
Մարկետինգային նախաճաշերը (մյուսլիներ, գրանոլաներ, էներգետիկ բարեր) պարունակում են՝
- հավելումներ
- ավելացված շաքար
- ներկանյութեր
- համային բուրավետիչներ
- ռաֆինացված հատիկներ (հատկապես պարունակում են մյուսլիները, գրանոլաները)
Այսպիսով, սրանք ոչ միայն օգտակար չեն, այլ նաև պարբերական օգտագործումը լուրջ հիվանդությունների կարող է հանգեցնել։ Մարկետինգային նախաճաշերի օրինակ 500 գրամն արժե մի քանի հազար դրամ, մինչդեռ նույն գնով կարելի է գնել մի քանի որակյալ բաղադրիչներ՝ չիր, ընդեղեն, վարսակ և մի քանի անգամ պատրաստել օգտակար նախաճաշ։
Յոգուրտներ՝
Հետազոտությունների արդյունքներով՝ շուկայում կան յոգուրտներ, որ պարունակում են նույնքան շաքար, որքան գազավորված ըմպելիքները։ Հավելումներով յոգուրտի այլընտրանք է «Նարինե»-ն, որ կարելի է համեղ դարձնել՝ մրգեր, չրեր ավելացնելով, համադրելով տան պայմաններում պատրաստած վարսակի բլիթներով։
Առողջ նախաճաշի օրինակ՝ ըստ Դավիթ Պիպոյանի
Մեկ բանան, կաթնաշոռ, օգտակար քաղցր՝ արմավ (խուրմա) որ պարունակում է մեծաքանակ հակաօքսիդանտներ, մակրո և միկրո սննդանյութեր, բնական չիր։ Ընդեղենը ևս առողջարար նախաճաշի հիմնական բաղադրիչներից է. պարունակում է բուսական ծագման ճարպաթթուներ, որ օգնում են երկրորդ տիպի շաքարային դիաբետի, ճարպակալման կանխարգելման հարցում։
Տանը հնարավոր է պատրաստել համեղ նախաճաշեր՝ հրաժարվելով սննդային հավելումների, ներկանյութերի, համային բուրավետիչների, տեխնոլոգիական վերամշակումների հաշվին «գրավիչ» համարվող ոչ առողջարար նախաճաշերից։ (Օրինակ վարսակի շիլան կարելի պատրաստել համադրելով բնական չրերով, մաքուր շոկոլադով, արմավով, դարչնով)։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։