08/03/2022 21:15
Սննդային հավելումների չարաշահումը մեծացնում է քաղցկեղի, ալերգիաների առաջացման հավանականությունը
Սննդամթերքի ժամանակակից արտադրությունը առանձնանում է հավելումների առատությամբ. հիմնական նպատակը մթերքի «կյանքի տևողությունը» երկարացնելն է, Aysor.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը։
Սննդային հավելումները որոշակի նպատակներով տեխնոլոգիական գործընթացների ընթացքում հումքին կամ արդեն պատրաստի սննդամթերքին ավելացվող քիմիական նյութեր են։
Հավելումները կարող են ունենալ բնական և արհեստական ծագում։ Մթերքի վերականգնման կամ սննդային արժեքի բարձրացման նպատակով սննդամթերքին ավելացվող նյութերը (վիտամիններ, ամինաթթուներ, որոշ միկրոէլեմենտներ) սննդային հավելումներ չեն համարվում:
Սննդային հավելումները նշվում են Е դասիչով, պարտադիր է նաև նշել սննդային հավելման անունը կամ տեխնոլոգիական ֆունկցիան (օրինակ` սորբինաթթու E 200, ներկանյութ` E 102, պահածոյացնող նյութ` E 200):
Փորձագետն ասում է՝ սպառողին չմոլորեցնելու համար պետք է նշվի համաբուրավետիչ նյութերի ծագումը՝ «բնական», «բնականին նույնականացված» կամ «արհեստական»։
Սննդային հավելումների օգտագործումը
- չպետք է մեծացնի սպառողի առողջության վրա մթերքի հնարավոր անբարենպաստ ազդեցության հավանականությունը
- չպետք է իջեցնի սննդամթերքի սննդարարության ցուցանիշները, այսինքն՝ չպետք է պակասի մթերքի սննդարարությունը։
Կան հավելումներ, որ արգելված են որոշ տեսակի մթերքների արտադրությունում կամ թույլատրելի են որոշակի քանակությամբ։ Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովն իրականացնում է սննդային հավելումների ռիսկերի գնահատում. առաջարկվում են հավելումների տարբեր չափաքանակներ, պետություններն էլ, իհարկե, ունեն օրենսդրական կարգավորումներ, տեխնիկական կանոնակարգեր։
ՀՀ-ում արգելվում են՝
- E 127, E 154, E 160b, E 161g, E 173 և E 180 սննդային հավելումների (ներկանյութեր) իրացումը մանրածախ առևտրի կետերում:
- Արգելվում է E 410, E 412, E 415 և E 417 սննդային հավելումների օգտագործումը ջրազրկված` մինչև ուտելը թրջում պահանջող սննդամթերքում:
- Արգելվում է E 400, E 401, E 402, E 403, E 404, E 406, E 407, E 407a, E 410, E 412, E 413, E 414, E 415, E 417, E 418 և (կամ) E 440 սննդային հավելումների օգտագործումը փոքր փաթեթավորմամբ (մեկանգամյա ուտելու համար) դոնդողներում, դոնդողանման հրուշակեղենում:
- Արգելվում է E 425 սննդային հավելման օգտագործումը դոնդողանման հրուշակեղենում և փոքր տարաներում փաթեթավորված դոնդողներում:
- Եթե սննդային հավելումը մշակվել է իոնային ճառագայթներով, ապա պետք է նշվի դրա մասին:
Փորձագետն ասում է՝ առողջությունը չվնասելու համար պետք է հասկանալ՝ կարևոր է ոչ միայն թե ինչ հավելումներ են պարունակում մթերքները, այլ նաև թե ինչ հաճախությամբ և քանակով են օգտագործվում այդ մթերքները։
Հավելումների չարաշահումը կարող է մեծացնել հիվանդությունների առաջացման հավանականությունը (քաղցկեղ, ալերգիաներ, կենտրոնացման խնդիրներ)։
Քիմիական վտանգների ռիսկի գնահատում
Կարևորվում է՝ մարդն ինչ մթերք է սպառել, ինչ հաճախությամբ, ինչ քանակի, ինչ հավելում է պարունակել տվյալ մթերքը՝ հասկանալու համար արդյոք տվյալ հավելումը չի գերազանցում թույլատրելի քանակը։
Հերմինե Բեգլարյանն ասում է՝ սննդարդյունաբերությունում հավելումների օգտագործման հետևանքը նաև մթերքների հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է. մարդիկ սովորում են վառ արտահայտված համերին, հոտերին, գրավիչ տեսքին։ Հավելումները մեզ հեռացնում են բնական թեթև, թույլ արտահայտված համերից, հոտերից, զրկում բնականությունը ճանաչելու, սիրելու հնարավորությունից։
Մասնագետն առաջարկում է պարզ, հեշտ մտապահվող բանաձև՝
Որքան պարզ և կարճ է մթերքի բաղադրությունը, այնքան ավելի բնական է մթերքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։