08/03/2022 11:13
Ադրբեջանի երեկվա սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը։
Մարտի 7-ին սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է ՊՆ հաղորդագրությունում: