08/03/2022 19:39
Գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից․ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի հնարավոր դիվերսիոն և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ
Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից։
Սույն թվականի մարտի 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը:
Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը: Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ:
Այս պահին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայր ժամանելու և այն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետազոտելու համար, որից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ այդ թվում գազամատակարարման խափանման իրական պատճառների վերաբերյալ:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակաբար կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, պատասխանատվություն է կրում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայրի հարակից տարածք ներկայացած մատակարար կազմակերպության և իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի ու անվտանգության համար: Բավարար տեղեկություններ և ապացույցներ ամրագրելուց հետո ծառայությունը հանրությանը լիարժեք տեղեկություն կտրամադրի դեպքի հանգամանքների վերաբերյալ: