08/03/2022 18:23
Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է․ Արցախի ՄԻՊ
Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից, հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյոք վթարը տեղի է ունեցել տեխնիկակա՞ն պատճառներով, թե՞ ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում՝ ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, նրանց կողմից վարվում են բանակցություններ՝ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։