08/03/2022 09:35
«Ժողովուրդ». «Գոլդեն փելիս»-ը գնած Նարեկ Նալբանդյանը իշխանությունների հետ մտերմություն անելով նորօրյա «օլիգարխի» է վերածվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հասարակությանը «Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցի գնումով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը նոր՝ ոչ պակաս աչքի ընկնող անշարժ գույք է ձեռք բերել։ Նա գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձատունը։ Այն ճարտարապետությամբ նմանեցված էր ՀՀ Ազգային ժողովի շենքին: Գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2․452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչև օգոստոս կվճարի։
Հիշեցնենք, որ ոչ միայն Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը, այլև ծաղկաձորյան հայտնի հյուրանոցն էր Նալբանդյանը «փակովի» տարբերակով ձեռք բերել՝ իշխանությունների հետ գործարքի գալով տարեկան 1 մլրդ դրամ վճարել «Գոլդեն փելիս»-ի համար։ Նշեք, որ այսպիսի «փակովի» տարբերակով ՀՀ գրեթե ամեն քաղաքացի կարող էր հյուրանոցը ձեռք բերել, քանի որ այն ճիշտ աշխատացնելուց հետո դժվար թե համապատասխան եկամուտը չապահովվեր։
Ո՞վ է հանրությանն անհայտ այս մեծահարուստ գործարարը, որ բացի ցեմենտի, համակցված կերերի, շինանայութի ու էլի մի քանի ապրաքների ներկրմամբ զբաղվելը, նաև «Շիրակ» թռչնաֆաբրիկան է փաստացի տնօրինում։ Մարդ, ում անունը վերջին 2-3 տարում է սկսել շոշափվել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Նարեկ Նալբանղյանը նախկին ոստիկան է, նախկին քննիչ, որ բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները՝ շուկայի մյուս խաղացողներին կարողանում է խեղճացնել։ Հավկիթ արտադրող ընկերություններն, օրինակ, ձվի շուկայում նկատվող գնանկումը, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդմանն է բերելու, հենց նրա հետ են կապում։ Այդ գործելաոճի հետևանքով փակվեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան: Մեր տեղեկություններով՝ Նալբանդյանը հեղափոխական, կոռուպցիան մերժող իշխանության կոնկրետ շրջանակների հետ է մտերմություն անում, նրանց միջոցով էլ կարողանում է իր հարցերը լուծել ու գնալով նորօրյա «օլիգարխի» է վերածվում։
«Ժողովուրդ» օրաթերթը քանիցս փորձել է կապ հաստատել ու զրուցել Նալբանդյանի հետ, սակայն նա որևէ կերպ կապի դուրս չի գալիս։ Եթե Նալբանդյանը պատրաստակամ լինի ու ցանկանա պատասխանել մեր հարցերին, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է նաև իր տեսակետը լսել։ Նա, սակայն, ընտրել է հին օլիգարխիկ կարգավիճակը, որի կապերի մասին առաջիկայում նոր բացահայտում կանենք»։