08/03/2022 14:55
Կարմիր ակնոցով կինը որդու կորուստը սգում է լուռ, չի չարացել, փորձում է օգնել որդեկորույս մյուս մայրերին
Մարտի 8-ն, իհարկե, առաջվանը չի լինի, բայց Կարինե Մուրադյանը զավակներ կորցրած մայրերի համար օրը գեղեցիկ դարձնելու ուժ է գտել։ Երկու հարյուրից ավելի կանանց հրավիրել է մեկ հարկի տակ՝ դրական էներգիա միմյանց փոխանցելու, միայնակ չզգալու։ Անուն առ անուն զանգահարում, հորդորում է՝ անպայման գեղեցիկ զգեստով գան։
«Մենք միասին կարող ուժ ենք, նախ պետք է իրար օգնենք, միմյանց օգտակար լինենք, փորձենք ապաքինվել, որ մեր երկիրն էլ ոտքի կանգնեցնենք՝ հանուն մեր որդիների, հանուն հայրենիքի արժանի զավակների։ Եռաբլուրում չէի կարողանում անտարբեր մնալ մայրերի, կանանց հանդեպ։ Ուզում էի մոտենալ, գրկել, զրուցել. մտերիմներս խորհուրդ տվեցին ստեղծել մայրերի ակումբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է նա։
Կանանց, մայրերին օգնելու Կարինե Մուրադյանի ցանկությունը վերածվեց առաքելության՝ ստեղծվեց «Հավերժ» հասարակական կազմակերպությունը։
«Եթե մարդը հոգեպես առողջ չէ, խաղաղ չէ, չի կարող բարին արարել, դրա համար է, որ «Հավերժ»-ի առաջին գործը մայրերին, կանանց հոգեբանական աջակցության ցուցաբերելն էր։ Մեկ տարվա ընթացքում դրական արդյունք ունենք։ Կային կանայք, որ հրաժարվում էին սնվելուց, տնից դուրս գալուց, հիմա, քիչ թե շատ, կարողանում են ապրել»։
Տիկին Կարինեն ասում է՝ ուժ, էներգիա որդուց է ստանում ու նաև մայրերի հետ շփումից։ Անկեղծանում է՝ շատ կուզեր, որ մայրերին այդպես էլ չճանաչեր, պատերազմ չլիներ, ցավն ու վիշտը իրենց չմտերմացնեին։
Կարինե Մուրադյանի որդին՝ Վահե Եղիկյանը, զոհվել է Ջրականում, մայրը որդու մասին ավելի հաճախ լռում է, ասում է՝ Վահեի սխրանքը, ընտրությունն ամեն բան պատմում են 19-ամյա տղայի մասին, բոլոր տղաներն են հավասարաչափ մեծարման արժանի։
Կարինե Մուրադյանը երազանքների մասին դժվարանում է խոսել, բայց նպատակներ ունի՝ հատկապես օգնել մարզերում ապրող կանանց, մայրերին, որ սոցիալիզացվեն, հավատան իրենց ուժին, վերագտնեն ապրելու իմաստը։