08/03/2022 22:25
Մեր հերոսներն այն մայրերն են, ովքեր մեծ կորստից հետո կրկին ուժ են գտել մայրանալու (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում որդիներին կորցրած մայրերի ցավն անամոքելի է, իսկ մեծ կորստից հետո կրկին մայրանալու նրանց կամքը՝ անչափելի։ Տանը նորից մանկան ճիչ լսելու, որդիների վերածնունդը նրանց փոքրիկ եղբայրների ու քույրերի մեջ տեսնելու հույսն ու ցանկությունն է ապրեցնում այն կանանց, որոնք պատերազմում կորցրել են հերոս որդիներին, և այժմ կրկին բալիկ են ունեցել կամ սպասում են նրա ծնվելուն։
Կանանց միջազգային օրվա առիթով ԲՀԿ ուսխորհրդի անդամներն այցելել են Հայաստանի ամենատարբեր շրջաններում բնակվող հերոսածին մայրերին, որոնք կարողացել են իրենց մեջ կրկին մայրանալու ուժ գտնել։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից երիտասարդները նվերներ են հանձնել ու երախիտի խոսքեր հղել կամքի զարմանալի ուժով այս կանանց, իսկ ոսկե խաչերով շղթաները եղբայրների անմահանալուց հետո լույս աշխարհ եկած նորածինների համար են։
Պատերազմում որդիներին կորցրած մայրերից ամեն մեկն իր պատմությունն ունի, բայց բոլորին միավորողը կորստի ցավն է։ Նրանք միմյանց ուժ ու համբերություն են մաղթում, ջերմությամբ հիշում, թե ինչպես էին մարտի 8-ի առթիվ իրենց շնորհավորում անմահացած հերոս որդիները։ Այս մայրերի համար ամենաթանկը զավակների հղած բացիկներն ու բանաստեղծություններն են, հուշերը՝ որդիական ջերմ սիրո ու հոգատարության մասին։
Նրանցից ոմանց տանն արդեն լսվել է մանկան ապրեցնող ճիչը։ Շատերը զոհված որդիների անունով են կոչել նրանց նորածին եղբայրներին։ Մանկան ճիչը կապրեցնի նաև այն ընտանիքներին, որտեղ շուտով կրկին փոքրիկ լույս աշխարհ կգա։
Մայրերը մի մաղթանք են հղում այսօր սահմանին կանգնած զինվորներին՝ ծառայեն խաղաղությամբ, ու որ ոչ մի ծնող չմնա՝ իր զինվորին սպասելով։