09/03/2022 20:30
Կաթնաշոռ գնելիս ուշադրություն դարձրեք՝ բաղադրությունում օգտագործվել է կաթնամթե՞րք, թե՞ կաթնայուղի փոխարինիչ. փորձագետ
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելին Բեգլարյանն Aysor.am-ի հետ զրույցում ներկայացրել է կաթնաշոռի օգտակար հատկանիշները։
Կաթնամթերքն օգտակար սննդամթերքների շարքում ունի իր «պատվավոր տեղը»։ Կաթնաշոռն էլ կաթնաթթվային մթերք է՝ հայտնի դիետիկ հատկանիշներով (պետք է ուշադրություն դարձնել մթերքի յուղայնության աստիճանին. եթե յուղայնությունը բարձր է, չի կարող համարվել դիետիկ)։
Կաթնաշոռը կալցիումի, սպիտակուցի աղբյուր է, հարուստ է վիտամիններով, միկրո-մակրո տարրերով, ճարպերով։
Կաթնաշոռ գնելիս կարևոր է հասկանալ՝ բաղադրությունում օգտագործվել է կաթնամթերք, թե կաթնայուղի փոխարինիչ (կաթնայուղը փոխարինվում է բուսական յուղերով)։ Մինչև մակնշումը կարդալը մթերքի բաղադրությունը կարելի է կռահել գնային տարբերությամբ:
Կաթնայուղի փոխարինիչների դեպքում մթերքը հարստանում է տրանսճարպաթթուներով. սննդակարգում սրանք պետք է նվազագույնի հասցնել, լավագույն դեպքում՝ ընհանրապես չկիրառել։
Կարելի է ամեն օր ուտել կաթնաշոռ
Կախված է սպիտակուց պարունակող այլ մթերքների օգտագործումից (ավելցուկը կարող է խնդիրների հանգեցնել)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ օրական ընդունած կալորիաների առավելագույնը 10 տոկոսը պետք է ապահովվի ճարպաթթուների միջոցով. քանի որ կաթնաշոռը պարունակում է հագեցած ճարպաթթուներ, ցանկալի է կարգավորել մթերքի օրական սպառումը։
Ինչ յուղայնության և ինչ քանակի կաթնաշոռ օգտագործել
Կաթնաշոռը հատկապես օգտակար է ֆիզիկական շանրաբեռնվածության դեպքում։
Եթե քաշի կարգավորման (նվազեցման) հարց կա, ցանկալի է կաթնաշոռը համադրել 0.5 տոկոս յուղայնության մածունի հետ։
Տնային պայմաններում պատրաստելիս պետք է հետևել հիգիենային։ Կարևոր է ունենալ որակյալ հումք, զտել կաթը, ապահովել պատշաճ ջերմային մշակում. այսպիսով մթերքի վտանգավորությունը նվազագույնի է հասցվում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։