09/03/2022 20:00
Սխալներ՝ մարզումների ժամանակ, որոնք թույլ չեն տալիս հասնել ցանկալի արդյունքի. հետևում ենք ֆիթնես-մարզչի ցուցումներին
Գաղտնիք չէ, որ մարզումները, նիհարելուց բացի, նաև լավ ինքնազգացողության և առողջության գրավականն են։ Դրանք, սակայն, առավելագույնս արդյունավետ են մարզչի խորհուրդներին աչալրջորեն հետևելու դեպքում, այլապես կարող են վերածվել անօգուտ աշխատանքի՝ ի վերջո հիասթափեցնելով մարզասրահ հաճախողներին։
Այսօր Aysor.am-ի թղթակիցը ֆիթնես-մարզիչ Աննա Զախարյանի հետ զրուցել է թոփ սխալների մասին, որոնք հաճախ թույլ ենք տալիս մարզվելիս։
Մասնագետի խոսքով՝ սխալները սկսվում են այնտեղից, երբ մարզվողը չի «տաքանում»։
«Մարզման սկզբում 10-15 րոպե մկանները տաքացնելը ամենակարևոր կետերից մեկն է. այսպես դուք կխուսափեք վնասվածքներից։
2-րդ սխալը վարժությունների կատարման ճիշտ տեխնիկային չտիրապետելն է: Եթե չգիտեք վարժության ճիշտ տեխնիկան, կարող եք տարիներով մարզվել, բայց այդպես էլ չունենալ արդյունք, կամ ուղղակի սխալ կատարման հետևանքով վնասվածք ստանալ», - ասում է մասնագետը։
Սխալ N 3՝ Շունչը պահել
Եթե դուք ծանր քաշերով աշխատելիս շունչը պահում եք, ապա ռիսկի եք դիմում բարձրացնել սրտի ճնշումը: Յուրաքանչյուր հրման ժամանակ, երբ ուժ եք գործադրում պետք է արտաշնչեք:
Սխալ N 4՝ Ջուր չխմելը
Մարզման ժամանակ ջուր չխմելը կարող է բերել ջրազրկմակ և դրանից բխոք մի շարք հետևանքների:
Սխալ N 5՝ Չկենտրոնանալ
Չպետք է մոռանալ «ուղեղի և մկանի» կապի մասին: Մասնավորապես, պետք է մի կողմ դնել հեռախոսը և կենտրոնանալ բացառապես վարժության վրա:
Սխալ N 6՝ Կատարում եք նույն վարժությունները
Մոնոտոն կրկնվող վարժությունները չեն բերի դրական արդյունքների: Փորձեք միշտ փոփոխել վարժությունները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։