09/03/2022 09:49
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործը դոփում է տեղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործը դոփում է տեղում: Բանն այն է, որ մեզ հետ զրույցում գործով մեղադրյալները նշեցին, որ տևական ժամանակ է, ինչ իրենց մասնակցությամբ նախաքննական մարմինը որևէ քննչական գործողություն չի իրականացնում: Հետաքրքիր է՝ ինչ է 1 տարի 4 ամիս քննում ԱԱԾ-ն և դեռևս չի կարողանում պարզել:
Հիշեցնենք, որ 2020 նոյեմբերի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան: Բացի այդ, նույն օրը Երևան քաղաքում ծեծի ենթարկվեց ՀՀ ազգային ժողով նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանը»։