09/03/2022 16:12
Թբիլիսիում հասարակական տրանսպորտն անվճար կլինի Ուկրաինայի քաղաքացիների համար
Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է Վրաստանում Ուկրաինայի քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական տրանսպորտը և այլ հաստատություններն անվճար դարձնել։
«Մենք որոշում ենք կայացրել, ըստ որի՝ քաղաքապետարանին ենթակա կառուցվածքային ստորաբաժանումները Ուկրաինայի քաղաքացիների համար անվճար են լինելու։ Դրանք են՝ հասարակական տրանսպորտը, մանկական ժամանցի կենտրոնները, թանգարանները, թատրոնները, լողավազանները և այլն: Պետք է նրանք մուտքի մոտ ներկայացնեն ուկրաինական անձնագիր՝ ցանկացած ծառայություն անվճար ստանալու համար»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ում խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Նա նաև հավելել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանում գործում է թեժ գիծ, որին կարող է զանգահարել Ուկրաինայի ցանկացած քաղաքացի և ստանալ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը։
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը որոշել էր ամբողջությամբ փոխհատուցել կացության և սննդի ծախսերը Ուկրաինայի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են ժամանել զբոսաշրջության նպատակով և չեն կարող վերադառնալ հայրենիք ռազմական գործողությունների պատճառով։