09/03/2022 14:12
Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները, կարծես, արդյունք են տվել, և հիմա սակրավորները դեպքի վայրում են՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով», - ասել է նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներից հետո նոր կմեկնարկեն վերականգնողական աշխատանքները:
«Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի ժամը՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։
Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:
«Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք», - նշված էր հաղորդագրության մեջ: