09/03/2022 17:06
Հայաստանը դժվարություն կարող է ունենալ ուկրաինական ֆուրաժային եգիպտացորենի մասով, որը հայ թռչնաբույծներն օգտագործում են որպես անասնակեր. Հրաչ Բերբերյան
Ռուս-ուկրաինական լարվածության հետևանքով Հայաստանում պարենային ճգնաժամից խուսափելու համար խիստ կարևոր է ՀՀ կառավարության համակարգված աշխատանքը։ Եթե գործադիրում ճիշտ աշխատեն, նախարարներն իրենց տեղում լինեն, խնդիրները պակաս զգալի կլինեն։ Եթե քնեն, բնական է, որ Հայաստանը շատ լուրջ խնդիրների կբախվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Ցավոք սրտի, այսօր նույնիսկ գյուղատնտեսության նախարար չունենք։ Մյուս կողմից՝ չգիտենք՝ Էկոնոմիկայի նախարարն ինչով է զբաղված։ Նա ասում է՝ գյուղատնտեսությունը թողեք, տուրիզմով զբաղվեք։ Միգուցե այդ մարդը տուրիզմ շատ է սիրում, գյուղ չի սիրում։ Երբ երեք տարի առաջ դիմեցի վարչապետին, որ գյուղատնտեսության նախարարությունը վերականգնվի, ոչինչ չարվեց. հակառակը, համառորեն ընտրվում են մարդիկ, որոնք բնագավառից շատ հեռու են»,- ասաց մեր զրուցակիցը շեշտելով, որ հմուտ կադրեր ունենալու դեպքում Հայաստանը կարող է նույնիսկ օգուտով դուրս գալ ռուս-ուկրաինական լարվածության հետևաքով հնարավոր պարենային ճգնաժամից։
Հրաչ Բերբերյանը հիշեցրեց անցած տարվա փորձը, երբ Ռուսաստանում կարտոֆիլի վատ բերքի ֆոնին Հայաստանը կարողացավ շուրջ 40 հազար տոննա կարտոֆիլ արտահանել այդ երկիր։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծմանը, մեր զրուցակիցը նախ նկատեց՝ Հայաստանը հացահատիկի բերքի առումով երբեք ինքնաբավ չի եղել և չի էլ կարող լիել, եթե նույնիսկ բոլոր ցանքատարածություններում ցորեն մշակի։
«Անասնակերն էլ հետը՝ մեզ տարեկան մոտ 1 միլիոն 200 հազար տոննա հացահատիկ և ֆուրաժ է անհրաժեշտ։ Լավագույն դեպքում մենք կարող ենք արտադրել 400 հազար տոննա։ Մեզ մի քիչ օգուտ տվեց Արցախը, երբ այնտեղ՝ գյուղատնտեսությա մեջ, ներգրավված հմուտ մարդիկ լսեցին մեզ և ավելացրեցին հացահատիկի ցանքատարածությունները։ Ցավոք, այդ ցանքատարածությունները մնացին Ադրբեջանին»,- ասաց Բերբերյանը։
Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին, որ ազգաբնակչությունը ճիշտ կանի՝ տանը ալյուր պահեստավորի՝ խուսափելու հացի խնդրից՝ «Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահը շեշտեց՝ նման լուրեր տարածողները սադրիչներ են։
«Չմոռանանք, որ Ռուսաստանը դեռ հացահատկի շտեմարան է, Ղազախստանն իր հերթին մեծ քանակությամբ ցորեն է արտահանում, էլ չեմ ասում ԱՄՆ-ի և Կանադայի մասին, որոնք ևս ցորենի շտեմարան են։ Եվ վերջապես, գոյություն ունի ցորենի միջազգային բորսա, որտեղ ազատ առևտուր է»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Նա նշեց, որ Ուկրաինայից ներմուծումների մասով Հայաստանը ռեալ դժվարություն կարող է ունենալ միայն ֆուրաժային եգիպտացորենի մասով, որը հայ թռչնաբույծներն օգտագործում են որպես անասնակեր։ Իսկ ահա ուկրաինական շաքարավազի ներկրումները, ըստ մեր զրուցակցի, կարելի է փոխարինել Բելառուսից, Կրասնորդարի երկրամասից, ընդհուպ՝ Գերմանիայից ներմուծումներով։
Վերջում Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ Ուկրաինան առնվազն 3 տարի գյուղմթերք չի ունենա և հետևաբար չի արտահանի ՌԴ, ինչը Հայաստանի համար նպաստավոր պայմաններ կստեղծի՝ խթանելու դեպի Ռուսաստան գյուղմթերքի արտահանմա ծավալների մեծացումը։