09/03/2022 17:12
Թուրքիան Արցախի պատերազմից մնացած վարձկաններին ուղարկել է Ուկրաինա
Թուրքիան Ուկրաինայում կռվելու է ուղարկել Սիրիայից վարձկան ահաբեկիչների, որոնք 2020 թվականի պատերազմից հետո մնացել էին Լեռնային Ղարաբաղում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում – խմբ․), հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմության իր աղբյուրին։
«Թուրքիան 2020 թվականին Սիրիայից 2 000-ից ավելի գրոհային է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու հայկական կողմի դեմ պատերազմական գործողություններին, նրանց մեծ մասը պատերազմից հետո մնացել է այնտեղ (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում – խմբ․)։ Թուրքիան Սիրիայից և այլ տեղերից եկած այդ գրոհայինների մի մասին այժմ Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին՝ ուկրաինական բանակի կազմում»,- ասել է «Ռիա Նովոստի»-ի աղբյուրը։
Վերջինիս խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ժամանած վարձկանները համալրել են օտարերկրյա զինյալների լեգեոնը, որն ուկրաինական իշխանությունները հիմնել են ռազմական գործողություններն սկսվելուց հետո։
2020 թվականին Թուրքիան Լեռնային Ղարաբաղ է ուղարկել, տարբեր տվյալներով, 2 500 –ից ավելի վարձկան ահաբեկիչների՝ կռվելու հայկական կողմի դեմ։ Նրանց մի մասը պատերազմից հետո վերադարձել է Սիրիա, սակայն 1 000 –ից ավելի վարձկան մնացել էր Լեռնային Ղարաբաղում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում – խմբ․)։