09/03/2022 19:05
Հայաստանը կանգնած է պարենային ապահովության մարտահրավերի առաջ, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հանրային սննդի կետերում աղի քանակի կրճատման հարց է որոշում. Դավիթ Պիպոյան
Հայաստանը կանգնած է պարենային ապահովության մարտահրավերի առաջ, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հանրային սննդի կետերում աղի քանակի կրճատման հարց է որոշում։ Մենք ուտելիք ունենալո՞ւ ենք, որ դեռ աղի կրճատման կարիք էլ ունենանք։ 20-25 տոկոս աղքատ բնակչություն ունեցող երկրում մարդիկ տարվա ընթացքում քանի՞ անգամ են հանրային սննդի կետերում սնվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարց հնչեցրեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
«Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Մենք այսօր ունենք պարենային ապահովության խնդիրներով պայմանավորված ոչ վարակիչ հիվանդություններ, երեխաների թերսնման դեպքեր, սննդակարգով պայմանավորված տարբեր խնդիրներ, իսկ Առողջապահության նախարարությունը մատը մատին չի տալիս և ընկել է աղի հետևից։ Ինչո՞ւ. որովհետև հեշտ է տնտեսվարողներին տուգանել և ասել՝ գործ ենք անում»,- ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ Պիպոյանը շեշտեց՝ հատկապես այս սեզոնին մարդը պետք է օգտագործի օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն, սակայն խանութներում դրանց գները չափազանց բարձր են։ Նույնը վերաբերում է նաև մսին, կաթնամթերքին և մի շարք այլ սննդատեսակների։
«Այսօր մենք հաշվարկներ էինք իրականացնում, թե որքան են փոխվել պարենային ապրանքների գները, և հասկացանք, որ եթե կորոնավիրուսի համավարակի ժամանակ սնունդն անհամեմատ էժան էր, ապա այժմ խնդիրն ավելի է սրվել»,- ասաց նա։