09/03/2022 15:25
«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» սիրային բանաստեղծությունների ընտրանին
«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» սիրային բանաստեղծությունների ընտրանին:
«Կապույտ աղջկանից» մինչև անհաս սիրո խորհրդանիշ Նավզիկե, առաջին լուսե սիրուց մինչև «Փողոցային պչրուհի»... Բուռն կյանքով ապրած Չարենցի պոեզիան լի է բազմաթիվ սերերով, որոնք հերթագայել են՝ տեքստերում արտացոլելով բանաստեղծի սրտի փոթորկումները։
«Թեև Չարենցի ստեղծագործությունների տասնյակ ժողովածուներ կան, բայց նրա սիրային գործերի ընտրանին հրատարակվում է առաջին անգամ: Գրքում երկերը դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ: «Լուսամփոփի պես աղջիկ»-ը ներկայացնում է Չարենցի չափածոյի ժանրային և ոճային ամբողջ բազմազանությունը։
Մեծ պոետի անձնական ապրումների այս հատորյակը կարող է սիրո խոստովանության հրաշալի միջոց լինել յուրաքանչյուրի համար»,-նշված է «Վերնատուն» հրատարակչության տարածած հաղորդագրությունում։