09/03/2022 17:25
ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը
Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև՝ կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը :
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր, ինչպիսիք են Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը: Ընդգծվել է նաև, որ Հեյդար Ալիևի և ավելի ուշ նրա որդու՝ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը ոչնչացրել է մինչև 100 հայկական եկեղեցի, հազարավոր խաչքարեր, տասնյակ հազարավոր տապանաքարեր և մշակութային ժառանգության այլ օբյեկտներ Նախիջևանում: Ըստ բանաձևի՝ սա վկայում է հայկական մշակութային ժառանգության հնարավոր ճակատագրի մասին նաև Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Նախիջևանի շրջանում հայկական մշակութային վայրերի առկայությունը:
Բանաձևում շեշտվում է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևի համաձայն՝ ապօրինի հարձակումները կրոնի, կրթության, արվեստի, գիտության, ինչպես նաև պատմական հուշարձանների վրա կարող են ռազմական հանցագործություն լինել, և նման հարձակումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Այսպիսով՝ բանաձևը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ին ևս բանաձևը կոչ է անում ամբողջությամբ գնահատել Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության վիճակը Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում և հետևել բոլոր կողմերի համապատասխան առաջարկություններին, կոչ է անում ԵՄ-ին ցուցաբերել համապատասխան աջակցություն:
Բանաձևը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին լիովին համագործակցել միջազգային հետաքննությունների հետ և կատարել իրենց պարտականությունները՝ 1954թ. Հաագայի կոնվենցիայի համաձայն:
Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը կոչ է անում համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ապահովելու փաստահավաք առաքելությանն անարգել մուտքը:
Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին նաև պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ ամբողջությամբ կատարելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, մասնավորապես՝ զերծ մնալ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ հայկական պատմական մշակութային ներկայությունը վերացնելուց կամ հայերի մուտքն արգելելուց և այլն:
Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին բանաձևով կոչ է արվում, միջազգային հանրության աջակցությամբ, ապահովել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղադրանքների արդյունավետ հետաքննությունը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցով և այնպիսի հարձակումների, ինչպիսին է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հարձակումը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա:
Բանաձևը նաև հորդորում է երկու երկրների, հատկապես Ադրբեջանի կառավարություններին դադարեցնել ատելության և ռասայական խտրականության քարոզչությունը դասագրքերի, սոցիալական ցանցերի և, Ադրբեջանի, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» միջոցով և աշխատել երկու հասարակությունների միջև վստահության և միմյանց մշակույթի նկատմամբ հարգանքի վերականգնման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում հորդորում է նաև նոր ջանքեր գործադրել՝ երկու երկրի միջև վստահություն ձևավորելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: