09/03/2022 11:50
Արցախի մեր հայրենակիցները 2-րդ օրն է՝ ջեռուցում չունեն, գնդակոծվում է Խրամորթ գյուղը, իսկ ԱԳՆ-ն շարունակում է խաղաղության պայմանագրի արհեստական թեզի կրկնումը. պատգամավոր
Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը հայտարարեց, թե այս քվեարկության արդյունքները օրենքի նախագծին ու ծխելու արգելքներին չի վերաբերում. այս քվեարկության արդյունքներով պատգամավորները դիրքորոշում են հայտնում, թե ինչու պետք է առողջապահության նախարարությունն իր աշխատանքներում թերանա ու հևիհև օրենքի նախագիծ բերի։
Պատգամավորն ասաց, թե որևէ մեկն աշխատանքից չի վախենում, չի խուսափում, բայց այս նախագծի փոխարեն Ազգային ժողովում այսօր պետք է քննարկեին այն իրավիճակը, որ ստեղծվել է Արցախում։
«Գազատարը չի գործում, Արցախի մեր հայրենակիցներն արդեն երկրորդն օրն է՝ ջեռուցում չունեն, գնդակոծվում է Խրամորթ գյուղը, գյուղատնտեսական աշխատանքներն ուշանում են, իսկ դրա վերաբերյալ պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չկա, փոխարենը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է խաղաղության պայմանագրի ու խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնումը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։