10/03/2022 19:00
Ինչպես սնվել կորոնավիրուսի ժամանակ և դրանից հետո․ արդյունավետ սննդակարգ, որը կօգնի արագ վերականգնել ուժերը
Շատ մարդիկ համավարակի շրջանում ապավինում են սխտորի, սոխի, կոճապղպեղի կամ մասուրի հրաշագործ հատկություններին, սովորականից ավելի շատ են օգտագործում դրանք՝ կարծելով, որ այդպիսով պաշտպանվում են վիրուսից։ Իրականությունը, սակայն, մեկն է՝ բոլոր հիվանդություններից բուժող, կախարդական ու ամենազոր սննդամթերք գոյություն չունի, կոճապղպեղն ու սխտորը ևս ունակ չեն ամբողջությամբ չեզոքացնել SARS-CoV-2-ի ներթափանցումը կամ բուժել հիվանդությունը։
Մթերքի այս կամ այն տեսակը կարող է ընդամենը օգտակար լինել օրգանիզմի համար՝ ավելի արագ վերականգնելու ուժերը կամ այս կամ այն չափով բարձրացնելու դիմադրողականությունը։
Ի՞նչ են, ուրեմն, խորհուրդ տալիս բժիշկներն ու գիտնականները՝ կորոնավիրուսով հիվանդներին կամ ապաքինման փուլում գտնվողներին։ Մեթոդներ ու սննդակարգ, որոնց շնորհիվ ավելի արագ ու հեշտ է հնարավոր կլինի հաղթահարել խնդիրներն ու օրգանիզմը վերադարձնել բնականոն վիճակի։
Հիվանդության ժամանակ և ապաքինման փուլում հարկավոր է շատ ջուր խմել
Լորձաթաղանթը խոնավ պահելով՝ կարելի է խոչընդոտել վիրուսի ներթափանցմանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, մեկ օրվա համար անհրաժեշտ ջրի հստակ չափաքանակ չի նշում, քանի որ այս հարցում պետք է մի շարք գործոններ հաշվի առնել՝ մարդու ֆիզիկական վիճակը, օրգանիզմի առանձնահատկությունները, տարիքը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը և այլն։
Տարածված մեթոդի համաձայն, սակայն, ջրի օրական ծավալը պետք է որոշել՝ հաշվի առնելով մարդու քաշը և առաջնորդվելով մեկ կիլոգրամին՝ 25 միլիլիտր ջուր հաշվարկով։
Հարկավոր է աղիների համար օգտակար սննդամթերք օգտագործել
Աղիները «պատասխանատու են» մարդու իմունիտետի համար, այդ պատճառով հիվանդության ժամանակ և ապաքինման փուլում պետք է այնպիսի սննդակարգի հետևել, որն իսկապես օգտակար է աղիների համար։
Հարկավոր է բջջանյութով հարուստ մթերք ուտել՝ աղիների միկրոֆլորան կարգավորելու համար․ միրգ, բանջարեղեն, հատապտուղներ, լոբազգիներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով՝ օրական հարկավոր է 400 գրամից ոչ պակաս բանջարեղեն, միրգ ու հատապտուղ ուտել։
Աղիների միկրոֆլորան կարգավորելուն օգնում են նար պրոբիոտիկներ և նախաբիոտիկներ պարունակող մթերքի տեսակները․ կաթնաթթվային մթերքը («Նարինե»), թթու դրած վարունգն ու կաղամբը։
Հակաօքսիդանտներ պարունակող մթերք է պետք գործածել
Հնդկաձավարը, սոխի կճեպը, սև և կանաչ թեյերը, խաղողը, ցիտրուսներն ու խնձորը կվարցետին են պարունակում, որն օգնում է դիմակայել ՌՆԹ վիրուսներին։
Ցորենի թեփը, մայրու ընկույզը, պանիրը, արևածաղկի սերմերը, վարսակը, գետնընկույզը, տավարի միսը, լոբին մեծ քանակով ցինկ են պարունակում, որը նույնպես խոչընդոտում է ՌՆԹ վիրուսի տարածմանը։
Սննդակարգում կծու մթերք ու համեմունքներ է պետք ներառել
Սոխն ու սխտորը թեպետ բուժիչ դեղամիջոցի դեր չեն տանում, այնուամենայնիվ, օգնում են շնչառական հիվանդությունների ժամանակ՝ իրենց մեջ պարունակվող ակտիվ հակաբորբոքային նյութի շնորհիվ։
Կոճապղպեղը նույնպես հակաբորբոքային հատկություններ ունի, նաև թեթևացնում է ցավի զգացողությունը, հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, նպաստում է նաև օրգանիզմից վնասակար նյութերի դուրսբերմանը, ինչն օգտակար է հատկապես ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ։
Քրքրումը ևս նվազեցնում է բորբոքային պրոցեսները և ցավազրկող հատկություն ունի։
Սննդակարգում հարկավոր է Օմեգա-3 ճարպաթթու ներառել
Օմեգա-3 ճարպաթթուն օգնում է բարձրացնել իմունիտետը։ Տղամարդկանց համար օրական անհրաժեշտ չափաքանակն է 1,6 գրամը, կանանց համար՝ 1,1 գրամը։
Շաբաթվա մեջ 2-3 անգամ անհրաժեշտ է ճարպոտ ձուկ ուտել կամ պարզապես ձկան յուղ խմել։
Կտավատի յուղ պետք է օգտագործել ամեն օր, օրինակ՝ աղցանների մեջ։ Օրական 20-25 գրամ կտավատի յուղը չափազանց օգտակար է օրգանիզմի համար։
Կորոնավիրուսի ժամանակ խորհուրդ է տրվում ճարպոտ կերակուր ուտել
Թոքերի նորմալ աշխատանքը մեծապես կախված է օրգանիզմում ճարպի ծավալից։
Ամենօրյա սննդակարգում անհրաժեշտ ծավալի ճարպ չներառելու դեպքում ինֆեկցիան ավելի հեշտությամբ կներթափանցիշնչառական ուղիներ ու կամրանա այնտեղ, իսկ բուժումն ու վերականգնումը ավելի երկար կտևի։
Մեծահասակների սննդակարգում ճարպի օրական չափաբաժինը 70-80 գրամն է, դրա ուղիղ կեսը կենդանական ծագման ճարպեր պետք է լինեն։
Օրգանիզմն անհրաժեշտ չափով վիտամին D պետք է ստանա
Առողջապահության համաշխարհային կազմակերխության տվյալներով՝ վիտամին D-ն էական դերակատարում ունի շնչառական հիվանդությունների կանխարգելման գործում։
Գիտնականները գտնում են, որ Քովիդից մահացության բարձր ցուցանիշը պայմանավորված է վիտամին D-ի պակասով։
Ամենից շատ վիտամին D են պարունակում ձուկը, ձուն, ենթամթերքը (մսեղիքը), կաթնամթերքը, անտառում աճող սնկի տեսակները։
Սպիտակուցներով հարուստ սննդամթերք է պետք օգտագործել
Սպիտակուցի պակասը թուլացնում է օրգանիզմի պաշտպանիչ գործառույթները։
Սննադակարգում հարկավոր է ներառել միս, թռչնամիս, ձուկ, կաթնամթերք, ձու, լոբազգիներ, ընկուզեղեն, սոյա, լոբազգիներ։
Մեծահասակների սննդակարգում պետք է գերակշռեն հատկապես կենդանական ծագման սպիտակուցները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։