10/03/2022 12:37
Կառավարությունում այսօր համար առաջին հարցն է՝ սպասվող ինֆլյացիայի դեմն առնել. վատատեսական սցենարը պետք է ունենանք. Վահագն Խաչատուրյան
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Նա նշեց, թե անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ, որովհետև ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող է հայտնվել լուրջ սահմանափակումների մեջ։
«Տնտեսագիտական ոչ մի չափանիշների մեջ չի մտնում ստեղծված իրավիճակը. եթե մենք փորձենք վերլուծական գնահատական տալ, հավատացնում եմ, այսօր կտանք, վաղը կփոխվի, նման իրավիճակում կորոնավիրուսի հետ կապված տնտեսական սահմանափակումները մի ուրիշ երևույթ էր, մենք, որպես բարձր ինֆլյացիա, ականատես եղանք համաշխարհային գների աճի», - նշեց նախարարը։
Խաչատուրյանի խոսքով՝ մինչև «իքս» ժամանակ, որը կարող է տևել մինչև տարվա վերջ, դեռևս պրոբլեմներ ենք ունենալու։
«Հայաստանի Կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով հետևում է, թե ինչէ տեղի ունենում միջազգային շուկաներում, որ կարողանա կառավարելի դարձնել մեր ֆինանսական համակարգը», - ասաց նա։
Նախարարը նշեց, թե սպասվող հացահատիկի բերքը, որ պետք է լիներ Ուկրաինայից, չի լինելու, Ռուսաստանի հետ առևտրական հարաբերությունների առումով կարող են խոչընդոտներ լինել։
«Իրավիճակն այնպես է խճճվել այսօր, որ մենք հիմա փորձում ենք կծիկը բացել ու հասկանալ, թե ինչ ունենք անելու։ Կառավարությունում այսօր համար առաջին հարցն է՝ սպասվող ինֆլյացիայի դեմն առնել. տարբեր գործիքակազմ կա, որոնցից մեկը ապրանքային պաշարներն ունենալն է ու փորձել դրանք հասցնել, բայց համաշխարհային շուկայում ցորենի գինը 50 դոլարով աճեց, չգիտենք՝ ոնց կլինեն նավթի գները։ Վատատեսական սցենարը պետք է ունենանք, բայց հասարակության ու գործարարների շրջանակում պետք է մեր տրամադրությունները ոչ թե վատատեսական սցենարի շրջանակում իրականացնել, այլ՝ ավելի մեղմ, որտեղ մարդիկ համոզված լինեն, որ պետության կողմից ամեն ինչ արվում է բիզնեսին աջակցելու, սոցիալապես անապահով քաղաքացիներին աջակցելու», - ասաց Խաչատուրյանը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանը հացահատիկի պաշարի խնդրի առաջ չի կանգնելու, որովհտեև գնահատում են հնարավորությունները։