10/03/2022 10:12
Արցախ մտնող գազատարի վերանորոգման համար բանակցությունները ադրբեջանցիների հետ շարունակվում են
Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։
Արցախի անվտանգության խորհրդից հայտնում են, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։