10/03/2022 21:17
Արցախում ադրբեջանական ագրեսիան շարունակվելու է, որովհետև Ադրբեջանը հստակ նպատակ է դրել մինչև վերջ հայաթափել Արցախը. քաղաքագետ
Հասկանալի է, որ Արցախում ադրբեջանական ագրեսիան շարունակվելու է, որովհետև Ադրբեջանն իր առջև հստակ նպատակ է դրել մինչև վերջ հայաթափել Արցախը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Խրամորթում տեղի ունեցող իրադարձություններին։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի երկարաժամկետ ծրագրում նախատեսված են և՛ անընդհատ լարվածության մեջ պահել ու ահաբեկել արցախահայությանը, և՛ կոմունիկացիաներ շարքից հանել, այդ թվում՝ Հայաստանից Արցախ գնացող մայր գազամուղը պայթեցնել՝ մարդկանց կյանքի համար բարդագույն պայմաններ ստեղծելով։
«Սա ընդհանուր ծրագրի մի մասն է, և Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել դա։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է հատկապես հիմա ադրբեջանական ագրեսիան առավել ընդգծված դառնում, և ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում դրան։
Ես կարծում եմ, որ նա մի կողմից այդքան համարձակություն չունի գոնե բանավոր մակարդակով հակադարձելու Ադրբեջանին, որովհետև համարում է, որ Հայաստանն Արցախի հետ այլևս գործ չունի, և այն, ինչն այնտեղ կատավում է, պարզապես ռուս խաղաղպահների և Արբեջանի իշխանությունների խնդիրն է։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իրավիճակն այսպես է ընկալում։
Երկրորդ պատճառն, ըստ իս, այն է, որ ՀՀ վարչապետն ինքն էլ դեռևս լավ չի հասկացել, թե ինչու են ադրբեջանական սադրանքները կոնկրետ հիմա ակտիվացել։ Այսինքն՝ նա չգիտի՝ Ադրբեջա՞նն է Թուրքիայի դրդմամբ ինչ-որ քայլեր անում, թե՞ Ռուսաստանն է նաև դրան նպաստում, որպեսզի Հայաստանից ինչ-որ զիջումներ ստանա։
Կարծում եմ՝ ՀՀ վարչապետի համար էլ իրադրությունը հստակ չէ, դրա համար էլ նա գերադասում է առայժմ գնահատականներ չտալ՝ փորձելով հասկանալ, թե որն է աղբյուրը, և որոնք են նպատակները»,- նշեց մեր զրուցակիցը։