10/03/2022 20:57
Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը․ ԵԽ պատգամավոր
Եվրոպական միությունը պետք է դատապարտի հայկական քրիստոնեական ժառանգության մշակութային ցեղասպանությունը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, շվեդ քաղաքական գործիչ Չարլի Վեյմերսը ԵԽ-ում «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ։
«Հաղորդումները և արբանյակային լուսանկարները մանրամասնորեն ցույց են տալիս գրեթե 100 միջնադարյան եկեղեցիների, հազարավոր խաչքարերի և տասնյակ հազարավոր տապանաքարերի համակարգված ոչնչացումը։ Նախագահ Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը, առաջ տանելով «աղվանականացման» կեղծ տեսությունները և եկեղեցիների վրայից ջնջելով հայկական արձանագրությունները։ Եվրոպական միությունը պետք է խոսի, պետք է դատապարտի հայկական քրիստոնեական ժառանգության վայրերի դեմ նախագահ Ալիևի վարած մշակութային ցեղասպանությունը։ Մենք պետք է պատժամիջոցների ենթարկենք նրան»,- ասել է Չարլի Վեյմերսը։
Հիշեցնենք՝ այսօր Եվրոպական խորհրդարանը հրատապ ընթացակարգով և ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձևը, որում քննադատվում է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։