10/03/2022 16:05
ՀՖՖ-ն տիրապետում է Ուկրաինայում հանդես եկող բոլոր հայազգի ֆուտբոլիստների կարգավիճակին. ֆեդերացիան` Արթուր Ավագիմյանի մասին
ՀՖՖ-ն տիրապետում է Ուկրաինայում հանդես եկող բոլոր հայազգի ֆուտբոլիստների կարգավիճակին, իսկ Արթուր Ավագիմյանի պարագայում դժվարությունը կայանում է նրանում, որ վերջինս հանդիսանում է միմիայն Ուկրաինայի քաղաքացի, այս մասին ArmSport-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հիշեցնենք՝ ուկրաինական «Ալեքսանդրիայի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանն ArmSport-ին տված հարցազրույցում ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինայում ստեղծված պատերազմական իրադրության ֆոնին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից իր հետ որևէ մեկը կապ չի հաստատել:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ հաստատել է Արթուր Ավագիմյանի հետ՝ Ռուսաստանում բնակվող իր սկաուտի միջոցով: Արթուր Ավագիմյանի պարագայում դժվարությունը կայանում է նրանում, որ վերջինս հանդիսանում է միմիայն Ուկրաինայի քաղաքացի, իսկ ներկա իրադրության պայմաններում Ուկրաինայի քաղաքացիների ելքը երկրից արգելված է և հնարավոր չէ»,- ի պատասխան ArmSport-ի հարցմանը՝ նշել են ՀՖՖ-ից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից նաև ընդգծել են, որ ՀՖՖ-ն տիրապետում է Ուկրաինայում հանդես եկող բոլոր հայազգի ֆուտբոլիստների կարգավիճակին, սակայն կարող է օժանդակություն ցուցաբերել միայն այն դեպքերում, երբ նրանք ՀՀ քաղաքացի են և ունեն հայկական անձնագիր:
«ՀՖՖ-ն մշտապես կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ: Հենց ՀՖՖ-ի և անձամբ նախագահ Արմեն Մելիքբեկանի միջնորդությամբ և ջանքերով, ինչպես նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության անմիջական օժանդակությամբ հնարավոր եղավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանին անվտանգ կերպով հասցնել Լեհաստան, որտեղից էլ հետագայում նա կարողացավ ժամանել Հայաստան:
Եվս մեկ անգամ նշենք՝ ՀՖՖ-ն կարող է օժանդակություն ցուցաբերել միայն այն դեպքերում, երբ նրանք ՀՀ քաղաքացի են և ունեն հայկական անձնագիր»,- պարզաբանել են ֆուտբոլի ֆեդերացիայից: