10/03/2022 19:56
Փաշինյանն արցախահայությանն ուղերձ է հղում, որ ամեն մեկը պետք է իր գլխի ճարը տեսնի, և որ նրանք Հայաստանի կողմից մոռացության են մատնված. քաղաքագետ
Հաշվի առնելով վերջին օրերին Արցախում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունները՝ պետք է փաստել, որ հակառակորդի ռազմավարությունը չի փոխվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Եթե հաշվարկային կետ ընդունենք 44-օրա պատերազմի ավարտը, Ադրբեջանի ռազմավարությունը չի փոխվել՝ անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս մեծ թվով հայեր հեռանան Արցախից։ Դա տարբեր մեթոդներով է արվում՝ ուժային, հոգեբանական և տնտեսական ճնշումների միջոցով։
Սակայն, եթե դիտարկելու լինենք ադրբեջանական կողմի գործիքակազմը, ապա պետք է ընդունենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այն էականորեն փոխվել է. մենք արդեն տեսնում ենք ականանետերի կիրառում, որը, կարծես թե, երկար ժամանակ չկար, նաև տեսնում ենք տնտեսական ճնշման գործոնը՝ կամ Հայաստանից Արցախ մտնող գազամուղի վնասում, կամ, առնվազն, վնասված գազամուղի նորոգման կանխում։
Սա հանգեցրել է նրան, որ Արցախում գազամատակարարման դադարեցման ֆոնին ավելացել է էլեկտրաէներգիայի պահանջարկը, ինչն իր հերթին բերելու է ցանցի գերծանրաբեռնման»,- ասաց քաղաքագետը։
Բենիամին Պողոսյանի խոսքով՝ հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի գործիքակազմի փոփոխությունը՝ պետք է դիտարկել ռուս-ուկրաինական պատերազմը, որի մեկնարկի հետ էլ համընկավ ադրբեջանական սադրանքների նոր ալիքը։
«Չեմ բացառում, որ այս գործոնը որոշակի դերակատարություն ունի, որովհետև բոլորս ենք հասկանում, որ ռուս խաղաղապահներն ամեն կերպ խուսափելու են Ադրբեջանին ուժային պատասխան հասցնել։ Քանի դեռ իրենք ուղղակիորեն թիրախի ներքո չեն, այսինքն՝ քանի դեռ ադրեջանցիների կողմից ռուս խաղաղապահներ չեն սպանվել, ռուսները դժվար թե ուժային մեթոդներ կիրառեն։
Ամեն դեպքում, ադրբեջանցիները մոտենում են կարմիր գծին՝ խնդիրներ ստեղծելով արցախահայության համար։ Ադրբեջանցիները գուցե կարծում են, որ ռուսները, ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, հիմա առավել զգուշավոր և զուսպ կլինեն»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը կառավարության այսօրվա նիստում զերծ մնաց Արցախում ստեղծված իրավիճակին որևէ գնահատական տալուց, Բենիամին Պողոսյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի պահվածքը ճիշտ մեսիջ չէր առաջին հերթին հենց արցախահայության համար։
«Եթե Հայաստանի Հանրապետությունն Արցախից ձեռքերը լվանում է ( իսկ վարչապետի կեցվածքը կարելի է մեկնաբանել, որ գոնե այս պահին Հայաստանն ասելու և անելու ոչինչ չունի), ապա Փաշինյանն այսկերպ արցախահայությանն ուղերձ է հղում, որ ամեն մեկը պետք է փորձի իր գլխի ճարը տեսնել։
Չեմ կարծոմ, որ սա ճիշտ մեսիջ է, քանի որ դրանով կարծես մարդկանց ասվում է, որ նրանք Հայաստանի կողմից մոռացության են մատնված։ Իսկ արցախահայությունը չի կարող ինքնուրույն Ադրբեջանից պաշտպանվել, մի քանի հարյուր կիլոմետրանոց երկարությամբ ճակատ պահել։
Ցավոք, տրամաբանական հաշվարկները բերում են նրան, որ շատ արցախահայեր հակված կլինեն Արցախից հեռանալու տարբերակին, որովհետև եթե Հայաստանն իրենց չի պաշտպանում, ռուսները որոշակի հարցերում ավելի զուսպ են լինելու, ապա այդ մարդիկ մնալու են մեն-մենակ՝ ադրբեջանցիների քմահաճույքներին ենթակա»,- ամփոփեց մեր զրուցակիցը։