10/03/2022 09:39
«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավորի օգնականները գործով տուժող են ճանաչվել. ԱԱԾ-ն հարցաքննել է ԱԺ պատգամավորների
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցված քրեական գործի քննությունից: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև: Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԱԾ-ն օրերս գնացել է Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ է գնացել նաև հարցաքննելու ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին և Արմեն Խաչատրյանին: Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաև հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջև ոչ հաճելի դիմելաձևի և արտահայտությունների հետևանքով: ԱԺ պատգամավորները հարցաքննվել են վկայի կարգավիճակով:
Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանություն. Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը և ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը գործով ճանաչվել են տուժող: