10/03/2022 09:59
«Ժողովուրդ». Ադրբեջանը շարունակում է առավել մեծ ծախսեր անել ու ավելացնել ռազմական ծախսերի չափաբաժինը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ դեռ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը լցված էր բանակը հարստացնելու և սպառազինությունների ձեռքբերման գործին։ Եվ պարզվում է՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Ադրբեջանի գերնպատակը շարունակում է զինված ուժերի միջոցների ավելացումը մնալ: Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսված գումարը:
«Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ, ըստ այդ փաստաթղթի, Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված գումարի 99.2 տոկոսը, որը 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը:
Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: 2021 թվականի ՀՀ բյուջեի նախագծի տվյալների համաձայն՝ ծրագրված էր պաշտպանության ոլորտին (մեծամասամբ՝ ռազմական պաշտպանությանը) հատկացնել բյուջեի ծախսերի 16.9%-ը: Աճը կազմում է 1.3%: Նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով:
Իսկ Ադրբեջանը շարունակում է առավել մեծ ծախսեր անել ու էլի ավելացնել ռազմական ծախսերի չափաբաժինը: Ադրբեջանը ծախսերն ավելացրել է 20.9 տոկոսով ՝ ՀՀ-ից կրկնակի շատ։ Ահաբեկչական այդ երկրի ախորժակը որևէ կերպ չի նվազում»։