11/03/2022 12:56
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղու» մերժվել է
Դատարանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության` բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին մերժել է։
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը դիմել էր դատարան «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հրապարակումներից մեկում կատարված հետևյալ արտահայտության համար․ ««FIP-Փաստերի ստուգման հարթակը», առաջնորդվելով քաղաքական իշխող ուժի հետ խմբային շահերով, հերթական անգամ դուրս է եկել փաստերի ստուգման իր գործունեության շրջանակից, որպես «փաստ» է ներկայացրել իրավական դիրքորոշումը և կատարել է իրավունքի վերաբերյալ վերլուծություն, որի համար անհրաժեշտ ձեռնհասություն և իրավական գիտելիքներ նշված հարթակը չունի»։
Դատարանը գտել է, որ պատասխանողն ի սկզբանե չի հետապնդել հայցվորի գործարար համբավն արատավորելու նպատակ, կատարված արտահայտությունները որակվել է որպես գնահատողական դատողություն, որը կատարվել է՝ հիմնվելով որոշակի փաստական կազմի վրա, իր կողմից վկայակոչած հրապարակումներից, և կոնկրետ դիտավորություն չի դրսևորել հայցվորին զրպարտություն հասցնելու համար, հետևաբար միայն հրապարակումների զրպարտչական բնույթի մասին ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ հասցվել է վնաս: