11/03/2022 18:36
Ինչպես կատարել մատչելի և անվտանգ գնումներ Amazon, 6pm, Wildberries, Nordstrom և մի շարք այլ առցանց խանութներից. Մաս 1
Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, պայմանավորված հատկապես կորոնավիրուսի համավարակով, զգալիորեն աճել են առցանց գնումները։ Այն ոչ միայն հնարավորություն է տալիս մի քանի կարճ գործողությունների միջոցով ձեռք բերել անհրաժեշտ իրերը, այլև օգտվել այն խանութներից, որոնք դեռ չեն գործում Հայաստանում։ Առցանց գնումների առավելություններից է նաև այն, որ կարողանում ենք տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ, բայց դրան մենք անպայման կանդրադառնանք առաջիկայում։
Բոլոր դրական կողմերով հանդերձ առցանց գնումների ժամանակ մենք շատ հաճախ բախվում ենք խնդիրների, որոնք կարելի է շրջանցել՝ մի քանի կարևոր կանոններ իմանալով։ Այսօր եկեք անդրադառնանք անվտանգ առցանց գնումներ կատարելու մի քանի բաղադրիչների։
Եվ այսպես...
-
Նախ և առաջ անհրաժեշտ է օգտվել այն առցանց խանութներից կամ մարկետփլեյսներից, որոնք արդեն փորձված և վստահելի են կամ ունեն մեծ ճանաչելիություն։ Այդպիսիք են օրինակ՝ amazon.com, aliexpress.com, wildberries.ru, ebay.com և այլն։ Այս հարթակներում կարող եք գտնել ապրանքների և ապրանքանիշերի լայն տեսականուց՝ վաճառվող թե անհատների և թե խանութների կողմից։ Հագուստի հանրահայտ մուլտիբրենդային խանութներ են օրինակ՝ nordstrom.com, farfetch.com, 6pm.com և այլն։
-
Բայց ինչպես վարվել, երբ ցանկանում եք կատարել գնում Ձեզ անծանոթ առցանց խանութից և չգիտեք արդյոք այն վստահելի է թե ոչ։ Անվստահելի կայքի ցուցիչներից մեկը առաջարկվող անտրամաբանական ցածր գներն են, որոնք չափազանց մատչելի են իրականությանը համապատասխանելու համար։ Այս դեպքում միշտ անհրաժեշտ է ստուգել, թե տվյալ ապրանքը կամ ապրանքանիշը ինչ գնային առաջարկներ ունի այլ հարթակներում։ Եթե Ձեր գտածը զգալիորեն տարբերվում է այլ վստահելի կայքերում առաջարկվող գներից, ապա խուսափեք նման առցանց խանութից օգտվելուց։
- Եթե Ձեր ընտրությունը ինչ-ինչ պատճառներով (օրինակ գնային տարբերության կամ լայն տեսականի ունենալու պատճառով) այնուաամենայնիվ կանգ է առնում Ձեզ անծանոթ առցանց խանութում առաջարկվող ապրանքի վրա, ապա ցանկալի է կատարել այդ ապրանքանիշի կամ կոնկրետ ապրանքի ուսումանսիրություն։ Փորձեք գտնել այդ ապրանքը այլ հարթակներում, օրինակ՝ amazon.com-ում։ Դա Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալ թե տվյալ ապրանքանիշի գնային առաջարկներին, ինչպես արդեն նշեցինք, թե սպառողների մեկնաբանություններին՝ հասկանալու համար թե հենց Ձեզ հետաքրքրող ապրանքը, ինչքանով է գոհացրել այլ գնորդներին։ Նույն բանը անհրաժեշտ է անել նաև պաշտոնական կայքից գնում կատարելու դեպքում, քանի որ խանութի կողմից տրամադրված բնութագրում միշտ չէ որ կգտնեք ապրանքի հատկանիշների ամբողջական բնութագիր։ Փոխարենը ապրանքի իրական սպառողների թողած մեկնաբանությունից կարող եք տեղեկանալ ապրանքի հնարավոր թերությունների կամ յուրահատկությունների մասին։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, երբ ինքս մտափոխվել եմ գնել կոնկրետ ապրանք՝ օգտատերերի մեկնաբանությունները և հատկապես տեղադրած լուսանկարները աչքի անցկացնելուց հետո։
Ուշադրություն դարձրեք նաև թե սպառողների քանի տոկոսն է դժգոհ տվյալ ապրանքից, և հատկապես որոնք են դժգոհության պատճառները։ Եթե տեսնում եք, որ բացասական մեկնաբանությունները հիմնականում միանման են և որպես իրենց խոսքերի հիմնավորում կցում են նկարներ, ապա շատ մեծ հավանականությամբ դուք նույնպես ունենալու եք նույն բացասական փորձը՝ այդ իրը օգտագործելիս։
Ի դեպ, մեկնաբանություններից զատ, կարևոր է նաև ուսումնասիրել առցանց խանութի՝ ապրանքի ետվերադարձի կամ գումարային փոխհատուցման քաղաքականությունը։
- Եթե ապրանքանիշի գնային և որակական ուսումնասիրությունից հետո որոշել եք գնել տվյալ ապրանքը, անհրաժեշտ է իմանալ թե արդյոք տվյալ կայքը կամ առցանց խանութը վստահելի է թե ոչ։ Առցանց խանութների վստահելիությունը չափելու նպատակով կարող եք օգտվել scamadviser.com կայքից։ Անհրաժեշտ է միայն մուտք գործել կայք, որոնման բաժնում գրել Ձեզ հետաքրքրող կայքի հասցեն, օրինակ՝ aliexpress.com ։
Կայքի ներքևի մասում կարող եք տեսնել որոնման արդյունքը և տեսնել թե քանի տոկոսով է կայքը վստահելի։
Կայքում կարող եք գտնել նաև, թե այդ առցանց խանութը ինչ դրական և բացասական որակումներ ունի, ինչպես նաև կարող եք կարդալ այդ առցանց խանութի մասին թողնված մեկնաբանությունները։
- Հաջորդ կարևոր քայլը տվյալների տրամադրման պահանջներին ուշադրություն դարձնելն է։ Առցանց խանութներում գրանցվելիս պետք է հիշել, որ միշտ չէ, որ կայքը կարող է ապահովվել Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը և պաշպանվածությունը։ Այդ իսկ պատճառով, առավել նախընտրելի է վճարման տվյալները լրացնելուց հետո այն չպահպանել օգտահաշվում որպես մշտական վճարման եղանակ՝ այլ ամեն անգամ նորից մուտքագրել տվյալները։ Այս գործընթացը միգուցե ստեղծի որոշակի անհարմարություններ Ձեզ համար, բայց այն կօգնի նվազեցնել որոշակի ռիսկեր։ Սա վերաբերում է ոչ միայն ֆինանսական տվյալներին, այլ նաև անձնական տվյալներին, որոնք լրացնում եք տվյալ կայքում գրանցվելու համար։
Ձեր ֆինանսական միջոցների անվտանգությունը ապահովելու համար ցանկալի է չտրամադրել զգալի միջոցներ ունեցող վճարման տարբերակ։ Խուսափեք նաև մեծ գումար պահել այն քարտում, որով հաճախ կատարում եք առցանց գնումներ։ Սա հատկապես վերաբերում է դեբետային քարտային միջոցներին։
Այսպիսով, առցանց գնումներ կատարելու համար վճարման ամենաապահով միջոցը առանձին քարտ ունենալն է, որը նախատեսված կլինի միայն առցանց գնումներ կատարելու համար։ Այս դեպքում միայն անհրաժեշտ կլինի մոբայլ բանքինգի կամ այլ փոխանցման տարբերակով վերալիցքավորել քարտը և կատարել գնումը։
Շարունակելի...
Թարմ և օգտակար հրապարակումներին ծանոթանալու համար բաժանորդագրվեք մեր Facebook-ի էջին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։