11/03/2022 20:36
Ինչու՞ է գարնանը սրվում հիպերտոնիան և ի՞նչ սննդակարգի հետևել՝ արյան ճնշումը կարգավորելու համար
Հիպերտոնիան՝ արյան բարձր ճնշումը, դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք գարնանն ու աշնանը սրվելու հատկություն ունեն։ Ազդող գործոններից են սեզոնի, մթնոլորտային ճնշման փոփոխությունները, եղանակի փոփոխականությունը, արեգակնային բռնկումները։ Գարնանն այդ ամենին գումարվում է նաև ավիտամինոզը՝ վիտամինային անբարարությունը։
Ի՞նչ անել՝ արյան ճնշումը կարգավորելու, լավ ինքնազգացողություն ունենալու համար։ Ճիշտ ընտրված սննդամթերքն ու գրագիտորեն կազմված սննդակարգը կարող են նվազագույնի հասցնել ճնշման տատանումները ։
Արյան ճնշումն իջեցնելուն նպաստում են վիտամին С և Е, Օմեգա-3 ճարպաթթուներ, ֆոլաթթու, մագնեզիում, կալիում պարունակող մթերքի տեսակները։
Մեծ քանակությամբ С վիտամին պարունակում են ցիտրուսները, ելակը, հաղարջն ու կարմիր բիբարը։
Վիտամին Е են պարունակում ձիթապտղի և արևածաղկի յուղը, նուշը, մաղադանոսը։
Սունկը, չամիչը, նեխուրն ու ծիրանի չիրը հարուստ են կալիումով, իսկ լոբին՝ մագնեզիումով։
Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակում են ձուկը, ընկույզը, ձիթապտղի յուղը։
Ֆոլաթթու կա կանաչեղենի՝ մաղադանոսի, անանուխի, ինչպես նաև մասուրի մեջ։
Կարմիր բազուկը նույնպես օգնում է իջեցնել արյան ճնշումը։ Հարկավոր է բազուկից 200 գրամ հյութ քամել, սպասել 2 ժամ, որ թրմվի, ապա խմել՝ ամեն օր։
Կարկադե թեյը նույնպես իջեցնում է արյան ճնշումը, նաև նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը։
Սխտորն օգնում է նոսրացնել արյունը, ինչն իր հերթին խոչընդոտում է թրոմբերի առաջացմանն ու անոթների խցանմանը․ լայնացնում է անոթները, կարգավորում է արյան շրջանառությունը։ Օրական հարկավոր է ընդամենը 2 պճեղ սխտոր օգտագործել։
Կաթնամթերքը, ձուկը, բանանը, վարսակի շիլան, սիսեռը, լոբին,խաշած կարտոֆիլը, դդումը, կաղամբը, վարունգը, կանաչու բոլոր տեսակենրը նույնպես շատ օգտակար են արյան բարձր ճնշում ունեցողների համար։
Օգտակար մթերքի գործածումից բացի, հարկավոր է նաև մի շարք կանոնների հետևել։ Հրաժարվել աղի և կծու կերակուրներից, ճարպոտ ու տապակած խորտիկներից և ուտեստներից։
Ամեն օր մի բաժակ թարմ քամած հյութ խմել ․ մի օր՝ գազարի հյութ, հաջորդ օրը՝ խնձորի, ապա՝ նարնջի, հոնի, տոմատի, ձմերուկի, գրեյֆրուտի, մասուրի և կիտրոնի։
Հարկավոր է նվազեցնել քաղցրեղենի, ինչպես նաև բարձր և առաջին կարգի ալյուրից թխված հրուշակեղենի գործածումը։
Պետք է հրաժարվել աղի և ապխտած կերակրատեսակներից, իսկ կենդանական ծագման յուղերը փոխարինել բուսական ծագման յուղերով։
Թունդ թեյն ու սուրճը նպաստում են արյան ճնշման բարձրացմանը, դրանք ևս պետք է բացառել կամ օրական մեկ բաժակից ավելի չխմել։
Հարկավոր է բանջարեղենով ապուրներ ուտել, սննդակարգից հեռացնել խոլեստերին պարունակող մթերքի տեսակները՝ ձվի դեղնուցը, յուղոտ միսը։
Պետք է ժամանակավորապես հրաժարվել նաև թթու և մարինացված բանջարեղենից, յուղոտ պանրից, պահածոներից, ալկոհոլային խմիչքներից։
Առողջ սնունդն ու ճիշտ սննդակարգն, իհարկե, կօգնեն կարգավորել արյան ճնշումն ու լավացնել ինքնազգացողությունը, սակայն չպետք է մոռանալ նաև բժշկի ցուցումների մասին, զուգահեռաբար ընդունել նաև նշանակված դեղերը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։