11/03/2022 21:14
Օրացուցային պատվաստումների կարևորության մասին. դրանք կարող են երեխաների կյանքեր փրկել
Կյանքի առաջին իսկ օրերից երեխաներին սպառնում են բազմաթիվ փորձություններ, որոնցից առավել վտանգավոր են շրջակա միջավայրում առկա վարակները. տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ, հեմոֆիլուսային, ռոտավիրուսային, պնևմակոկային հիվանդություններ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ. ահա այն վտանգավոր վարակները, որոնք կարող են բազմաթիվ երեխաների հաշմանդամության և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ։
Բոլոր այս հիվանդությունների անցանկալի ելքից խուսափելու համար առողջապահական կազմակերպությունները և մանկաբույժները միաձայն պնդում են՝ պատվաստումները խիստ կարևոր են երեխայի առողջության համար, քանի որ դրանց շնորհիվ փոքրիկը լիարժեքորեն պաշտպանվում է անցանկալի բարդություններ և հետևանքներ ունեցող մի շարք հիվանդություններից։
Չնայած կողմ բազմաթիվ փաստարկներին՝ քիչ չեն ծնողները, որոնք կտրականապես հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին՝ համարելով, որ պատվաստելով՝ կարող են վնասել նրանց։
Օրացուցային պատվաստումների մասին Aysor.am-ի թղթակիցն այս անգամ զրուցել է մանկաբույժ Միլա Նալբանդյանի հետ։
«Ես, որպես մանկաբույժ, 100 տոկոսով կողմ եմ բոլոր պատվաստումներին։ Երբ ինձ հարցնում են՝ պե՞տք են դրանք, ես միշտ պատասխանում եմ՝ «Այո՛, անպայման», ընդ որում՝ սահմանված գրաֆիկի համաձայն։ Իհարկե, կան մայրիկներ, որոնք կտրականապես դեմ են, և նրանց կարծիքի վրա շատ դժվար է ազդել, բայց ծնողների մեծ մասը կողմ են օրացուցային պատվաստումներին և սահմանված ժամկետներում երեխաներին ներկայացնում են պատվաստումներ ստանալու։
Պետք է նշեմ, որ գրեթե ոչ մի երեխա պատվաստումների հանդեպ հակացուցումներ չունի։ Եթե ինչ-որ հակացուցումներ, այնուամենայնիվ, կան, տեղամասային մանկաբույժն ինքը թույլ չի տա պատվաստում կատարել»,- ասաց բժիշկը։
Միլա Նալբանդյանը շեշտեց՝ պատվաստված երեխաները մի քանի անգամ ավելի պաշտպանված են տարատեսակ վարակիչ հիվանդություններից, քան իրենց չպատվաստված հասակակիցները։
Հ.Գ. Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին երկու տասնամյակում պատվաստումների շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։