11/03/2022 20:46
ՀԱՊԿ անդամ երկրները խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ, կարևորում են համագործակցությունը՝ օտարերկրյա ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար
ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ հայտարարություն են տարածել՝ անհանգստություն հայտնելով տեխնոլոգիական ահաբեկչության (քիմիական զենքի կիրառմամբ-խմբ․) սպառնալիքի կապակցությամբ և հաստատելով իրենց հավատարմությունը քիմիական զենքից զերծ աշխարհին։
Հայտարարության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները, լինելով քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին Կոնվենցիայի պատասխանատու պետություններ, խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ և հստակ հայտարարում են իրենց հավատարմությունը աշխարհին, որն զերծ է քիմիական զենքից», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Համատեղ հայտարարության համաձայն՝ Կոնվենցիայի մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունները քիմիական զենքի մշակման, արտադրության ու կիրառման ոլորտներում մասնագիտական գիտելիքներով օժտված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներթափանցումն իրենց տարածքներ կանխելու համար կողմ են միմյանց հետ համագործակցության ընդլայնմանը։
«Այս առնչությամբ երկրները կարևորում են Քիմիական զենքն արգելող կազմակերպության աշխատանքային խմբի գործունեությունը՝ ընդդեմ ահաբեկչության, այն հարմար հարթակ է քիմիական ահաբեկչությանը դիմակայելու վերաբերյալ նկատառումների, ինչպես նաև առկա սպառնալիքների վերաբերյալ տվյալների փոխանակման համար»,- նշված է փաստաթղթում։