11/03/2022 20:28
Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ
Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», - նշել է փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով, հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։
«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Միևնույն ժամանակ կարող է տեղի ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց», - ընդգծել է Խալաֆովը։
Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը)՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում: