11/03/2022 19:00
Նա ժողովրդի ձայնը, կամքը, խիղճը տրամադրությունը ներկայացնող անձ էր, մտավորական էր՝ բառի բուն իմաստով․ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողությունը
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողությունը:
«Նա ժողովրդի ձայնը, կամքը, խիղճը, տրամադրությունը ներկայացնող անձ էր, մտավորական էր՝ բառիս ամբողջական իմաստով։ Ակտիվ տեսակ էր, կռվող տեսակ էր, մարտնչող տեսակ էր, արժեքների, իդեալների համար կռիվ տալու ընդունակ անձ էր»,- Ալվարդ Պետրոսյանի կյանքին ու գործունեությանն անդրադարձավ ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց՝ մեր հասարակությունն ամենից շատ դրա կարիքն ունի․ շատ են իրավիճակը գնահատողները, կյանքի վատ ու ծուռ կողմերը տեսնողները, բայց քչերն են պատրաստ կռվել, իսկ Ալվարդ Պետրոսյանը մինչև կյանքի վերջը համարձակորեն բարձրաձայնում էր ցավալի խնդիրների մասին․ նրա վերջին հարցազրույցները դասագիրք են։
«Նրա համարձակությունը պարտավորեցնում էր, որ իրեն հարգես։ Ամենաարժեքավորը հարգանքն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր համարձակ են, անխնա են դիմացինի նկատմամբ, իրենց նկատմամբ։ Նա նաև ազգային նկարագրի տեր էր։ Նրա ընտանիքն ամբողջությամբ Արցախով էր ապրում։ Նա հայ էր, հայ կին էր, և հայ կանանց համար կարող է օրինակ ծառայել ՝ իր համարձակությամբ, իր քաջությամբ, իր ազնվությամբ և իր անկեղծությամբ»,- ասաց Հրանտ Մարգարյանը։
Ալվարդ Պետրոսյանը կյանքից հեռացավ՝ Արցախի մեծ մասի կորստի կսկիծը սրտում։ Հրանտ Մարգարյանն ընդգծեց՝ այդ ամոթն ամենքս էլ ապրում ենք, բայց Արցախն ազատագրվելու է։
«Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի մեջ շատերն այդ կամքը, այդ վճռականությունն ունեն և բավական է մի քիչ կազմակերպվածություն, մի քիչ ճիգ, բավական է առաջին օրինակը, և հեղեղի նման այդ նոր ազատամարտիկներն ասպարեզ են դուրս գալու, և մենք ազատագրելու ենք Արցախը։ Ես դրան չեմ կասկածում, բայց քանի դեռ չենք արել, այդ ամոթն ամենքս էլ ապրում ենք»,- ասաց նա։